Հանթինգտոնը 1990-ական թթ. Թուրքիայի համար տվել է հետևյալ ձևակերպումը. Մերժելով Մեքքան և մերժվելով Բրյուսելի կողմից՝ Թուրքիան գնում է դեպի Տաշքենդ:
Ներկայումս այս ձևակերպումը ենթարկվել է մի փոքր փոփոխությունների, այն է՝ նորից մերժված Բրյուսելի կողմից, Թուրքիան ձախողվել է Տաշքենդում և վերստին շարժվում է դեպի Մեքքա:
Եվ իսկապես, Էրդողանի Թուրքիան էականորեն տարբերվում է Մուստաֆա Քեմալի ստեղծած Թուրքիայից:
Եվրոպական զարգացման մոդելի, ազգայնականության և պանթյուրքիսատական հեռահար նպատակների փոխարեն առաջին պլան են մղվել Իսլամը, պանիսլամիզմը և սուննիական աշխարհում գերիշխող լինելու ձգտումը:
Եվ այս ամենի գլխավոր գաղափարախոսն ու շարժիչ ուժը նախագահ Էրդողանն է, որը փորձում է ամեն կերպ միանձնյա ողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և արյան մեջ խեղդել քրդական ազգային-ազատագրական շարժումը:
Դրա վառ ապացույցն է Դավութօղլուի հեռացումը և վարչապետի պաշտոնում Բինալի Յըլդըրըմի նշանակումը: Այսինքն Էրդողանը ասպարեզից հեռացնում է բոլոր ուժեղ խաղացողներին, իսկ նորանշանակ վարչապետը լիովին տեղավորվում է գորոծող նախագահի խաղի կանոններում:
Սխալվելու չնչին հավանականությամբ կարելի է պնդել, որ Իսլամի միջոցով հնարավոր է բազմաէթնիկ և տարասեռ միավորներից կազմված Թուրքիայում ներդաշնակ միասնություն և ներքին կայունություն ստեղծել, ինչը ժամանակին չէր հաջողվել թյուրքականության միջոցով:
Բայց Էրդողանի ամբողջատիրական ձգտումները վստահաբար հիմք են նախապատրաստում նոր մարտահրավերների և ցնցումների համար:
Կարպիս Փաշոյան