Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ կառավարության գործողությունների առաջատարը Գառնիի բնակիչներին ոռոգման ջրից զրկելու ծրագիրն է: Գառնիի բնակչները գյուղ.մթերքների սպառման շուկայում անթույլատրելիորեն երկար են դիմանում: Կառավարությունը գտել է այդ հարցի ռադիկալ լուծումը,-չկա ջուր՝ չկա գյուղ.մթերք, չկա գյուղ մթերք՝ չկա գյուղ.մթերքի սպառման սեփականաշնորհված տարածքի մրցակից: Մյուս կողմից Գառնի գյուղը պատմականորեն հայտնի է իր դիմադրողական կամքի ռեսուրսով:
Գուցե դա պայմանավորված է այդ գյուղի առնվազն երեք հազար տարվա գոյությամբ: Նույնիսկ ժամանակին աշխարհակուլ քրիստոնեությունը չի կարողացել Գառնիի հեթանոսական տաճարը հողին հավասարեցնել: Բոլշևիկյան ռեպրեսիաները զգալի չափով ազդեցին, բայց չկարողացան լիովին վերացնել գառնեցիների ապրելու կամքը: Քանի որ ՀՀԿն անցյալը ջնջելու ծրագրերում մրցակցում է վաղ շրջանի քրիստոնեության և վաղ շրջանի բոլշևիզմի հետ, ամեն ջանք գործադրում է կոտրելու դիմադրողական կամքի այդ բաստիոնը: Ոչ քրիստոնեությունը, ոչ բոլշևիզմը չունեցան մտքի այն թռիչքը, որով կարողանային Գառնի գյուղի բնակիչներին զրկել ջրից: ՀՀԿն նոր մեթոդներ է կիրառում Երկիր մոլորակի վրա երեք հազար տարվա գոյության վկայականով քիչ բնակավայրերից մեկը վերացնելու հարցում՝ բազմագլուխ /թե՞ ընդամենը յոթ գլխանի/ վիշապ է նստեցնում ջրի ակունքին:
Գառնեցիները կամ պետք է ամեն օր վիշապին հանձնեն մի երիտասարդ աղջիկ /լրացուցիչ հարկ վճարեն ՀՀԿին/, կամ կտրեն վիշապի գլուխները , կամ թողնեն իրենց բնակավայրը և արտագաղթեն: Վերջին դեպքում ՀՀԿն կհայտարարի, որ արտագաղթելը հայ ժողովրդի ՛՛խասյաթն է՛՛, և քանի դեռ իրենք չեն արտագաղթում և հաջողությամբ բազմանում են՝ ավելացնելով վիշապի գլոխները, հաստատում են, որ իրենց պատկերացումներում իրենք հայերի հետ կապ չունեն: Կգտնվի՞ վիշապի գլուխը կտրող հերոսը:
Հրանուշ Խառատյան