Դիցուք՝ ծառայողական մեքենաների թիվը կրճատեցին։ Լավ է։ Իհարկե, դա պետք էր անել դեռ վաղուց, իսկ եթե լինենք ավելի անկեղծ, ապա այդ մեքենաների թիվը երբեք այսչափ չպետք է մեծացվեր, որ հիմա էլ կրճատեին։ Բայց էլի եմ ասում՝ նորմալ է։ Չի կարելի ակնկալել, որ մեկ օրվա մեջ Շվեյցարիա կարող ենք դառնալ։

 


Դիցուք՝ կրճատում են պետական սեկտորի թափուր հաստիքները ու օրինակ՝ Սփյուռքի նախարարությունում ավագ մասնագետի միջնեկ օգնականի կրտսեր կոֆե եփողի պաշտոն էլ չի լինի։ Լավ է։ Իհարկե, կարելի է բարձրացնել այն դարակազմիկ հարցը, թե ով էր մոգոնել անիմաստ հաստիքը (չկառչեք օրինակից, որովհետև վերացական էի ասում, բայց այնպես չէ, որ եղածների բովանդակությունը շատ է տարբերվում), ու ինչու պետք է այսքան արյունից հետո խելքի գանք։ Մեր մեջ ասած, ես ցայսօր վստահ չեմ, որ նույն Սփյուռքի և մի շարք այլ նախարարություններ ու պետական գերատեսչություններ՝ իրենց ողջ հաստիքացուցակով հանդերձ, մեզ պետք են՝ առհասարակ։ Բայց կրկին անգամ կասեմ՝ նորմալ է։ Կարելի է փնթփնթալ, որ հիմա են անում, բայց կարելի է նաև բաժակի լի մասը տեսնել, և ընկալել հարցի այն կողմը, որ գոնե անում են։
Չեմ ուզում սկեպսիսի տարափ տեղացնեմ Ձեր գլխին։ Այս ամենը իրոք լավ է, բայց պայմանով, որ միայն դեկլարատիվ չէ ու պայմանով, որ սա միայն առաջին քայլերն են։

 


Պետական միջոցների անասնական մսխումների հիմնական ծավալը ոչ թե ծառայողական մեքենաներն ու ավելորդ հաստիքներն են գոյացնում, այլ հարկերից խուսափելը, պետական գնումները՝ զուգակցված ատկատային մեխանիզմներով և իհարկե, անառողջ մրցակցային դաշտը, որն առկա է մենաշնորհային տնտեսությունում։ Հավատացե՛ք, նույնիսկ բոլոր ծառայողական մեքենաների կրճատումը և բոլոր անիմաստ հաստիքների վերացումը կարող է խնայել ենթադրենք մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Լավ, թող հարյուր միլիոն դոլար խնայենք ամեն տարի․․․

 


Իսկ եթե մեզ մոտ չլինեն մենաշնորհներ, տնտեսության ստվերային հատվածը կրճատվի, Հարկայինը լինի հարկային, այլ ոչ թե Իսպանական ինկվիզիցիա՝ փոքր ու միջին բիզնեսի համար, բահերի կոթերը պետական գնումների շրջանականերում ձեռք չբերեն չեռվոն ոսկու գնով (որովհետև կոթերի մատակարարը պատվիրատու գերատեսչության շեֆի խնամին է, կամ անձամբ շեֆը, կամ էլ շեֆի շեֆը), ապա մեր խնայողությունները կկազմեն հարյուրավոր միլիոն դոլարներ, իսկ հավելյալ եկամուտները կհասնեն միլիարդավոր դոլարների։

 


Այնպես որ, պետք չէ դեպքերից առաջ ընկնել։ Պետք չէ՝ ո՛չ հիասթափության ու ապատիայի առումով, ո՛չ օպտիմիզմի ու խանդավառության առումով։ Այն, ինչ մենք տեսնում ենք՝ պարտադիր գործողությունների միայն առաջին ակկորդներն են, ու ողջ հարցը կայանում է նրանում, թե այդ քայլերից զատ, էլի կարվե՞ն անհրաժեշտ քայլեր ու որքանո՞վ դրանք կլինեն գործնական և կիրառական։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան