Դուք նկատել եք, թե հատկապես վերջին երկու օրերին իրականությունից որքան են կտրված մեր պետական պաշտոնյաների հայտարարությունները Արցախյան հիմնախնդրի մասին։ Կարդում եմ դրանք մամուլում և փորձում համատեղել ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին իրադության մասին հաղորդագրությունների հետ, և տպավորություն է, թե մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները որոշել են ապրել զուգահեռ հաճելի իրականության մեջ։ Նախ սկսենք այստեղից, որ Վիեննայի՝ կողմերին պարտադրված հանդիպումը մեզանում փորձ է կատարվում ներկայացնել որպես ձեռք բերում հայկական կողմի համար։ Հարց։ Դուք ինչն եք համարում ձեռքբերում, երբ առաջնագծում հակառակորդը շարունակում է կրակել, իսկ մեր զինվորները՝ զոհվել։ Այսինքն՝ եթե սահմանին իրադրությունը չի փոխվել, ուրեմն այս պայմաններում դիվանագիտական ձեռքբերման մասին խոսելը լավագույն դեպքում ինքնախաբեություն է, վատագույն դեպքում հասարակությանը խաբելու անհաջող փորձ։

 


Քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի կոշտ նախապայմանները մեծ նախադրյալներ ստեղծեցին հիմնախնդիրը մեզ շահավետ ուղղությամբ տանելու համար։ Բայժ ՀՀ ԱԺ մտած ՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի մերժումը, այն էլ կողմերի՝ Վիեննայում ընթացող հանդիպմանը զուգահեռ, ցույց տվեց, որ մենք հրաժարվեցինք այս կոշտ քաղաքականությունից, որն ընդ որում արդեն տվել էր իր դրական պտուղները մեզ համար, ընդամենը ուշադրություն դարձրեք ադրբեջանական կողմի ամենաբարձր մակարդակներում խնդրի խաղաղ կարգավորման, բանակցային գորխընթացին վերադառնալու անհրաժեշտության մասին հայտարարությունները, և կհսասկանաք խոսքն ինչի մասին է։ Օրինագծի մերժմամբ մերոնք դրժեցին իրենց իսկ խոսքը, որ եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն։ Հարց։ Իսկ եթե սահմանին զինվորներ են զոհվում, սա ինչ է եթե ոչ ագրեսիա, կամ ինչ երաշխիք, որ Ադրբեջանը ևս մեկ ռազմական լայնածավալ հարձակում նախաձեռնի, այդ դեպքում էլ դարձյալ չենք լսի՝ այ արդեն մյուս ագրեսիայի դեպքում կճանաչենք։

 


Այս պայմաններում չի կարելի խոսել քաղաքական ձեռքբերումների մասին, հատկապես այն դեպքում, որ միջնորդները, որոնց համար Արցախյան հիմնախնդիրը այլևս դադարել է լինել լոկալ մակարդակի ինչ-որ կոնֆլիկտ և աշխարհաքաղաքական մեծ խաղերի մի մասն է դարձել, կողմերին բանակցությունների էին կանչե ոչ թե լուոծումներ առաջարկելու, այլ հետագա քայլեր պարտադրելու և ամեն մեկն իր մասով հակամարտող կողմերի վրա վերահսկողության և ազդեցության ամրապնդելու նպատակով։

 

Կարեն Համբարձունյան