ՀՀ կառավարությունն իր ս.թ. մայիսի 19-ի նիստում մտադիր է հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015թ. մայիսի 29-ին ստորագրված համաձայնագրին: Փաստաթուղթը ներառում է ապրանքների, ծառայությունների առևտուրը, մաքսային վարչարարության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, ներդրումների իրականացման, մտավոր սեփականության, պետական գնումների ոլորտները, ծագման կանոնները, ստուգող այցերի իրականացման կարգը և այլն:
Համաձայնագրով նախատեսվում է փոխադարձ առևտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում, մասնավորապես՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո որոշ ապրանքների նկատմամբ 0 տոկոս մաքսատուրքի կիրառում, մինչև 2025թ. որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում մինչև 0 տոկոս, ազատ առևտրի ռեժիմից բացառությունների նկատմամբ առավել բարենպաստ ռեժիմի մաքսատուրքի դրույքաչափերի կիրառում:
2015թ. սեպտեմբերի 21-ին ԵԱՏ հանձնաժողովի խորհուրդն հաստատել է համաձայնագրի կիրառման համար ձեռնարկվելիք միջոցառումների ծրագիրը, նշվել են ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Նույն տարվա սեպտեմբերի 7-ին ստացվել է վիետնամական կողմի ծանուցումը, ըստ որի կատարվել են այդ երկրի ընթացակարգերը:
Այս տարվա ընթացքում համաձայնագիրը վավերացրել են Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016թ. ապրիլի 13-ի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Փաստաթուղթը կառավարության նիստի քննարկմանը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը:
Վլադ Կարախանյան