2016 թ. մայիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75 տոկոս: Այս մասին տեղեկանում եքն ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԿԲ խորհրդի գնահատմամբ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում: Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը:
Նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016 թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:
Հաղորդվում է, որ տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9,25 տոկոս և 6,25 տոկոս:
Անահիտ Գրիգորյան