Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է հետապնդի որևէ հստակ նպատակ կամ լուծի որոշակի խնդիրներ: Մեզ համար այն չպետք է վերածվի շանտաժի գործիքի, ինչպիսին հայոց ցեղասպանության խնդիրն է եվրոպացիների ձեռքում ընդդեմ Թուրքիայի: Հատկապես, որ Հայաստանն չունի այն լծակները, որ ունի Եվրամիությունը Թուրքիայի հարցում: Եթե ենթադրում ենք, որ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը բերելու է շղթայական ռեակցիայի, ապա սխալվում ենք. նույնիսկ ՌԴ-ի պես հզոր երկրի կողմից Աբխազիայի ճանաչումը չունեցավ որևէ նշանակություն՝ չհաշված մեկ-երկու մանր երկիր:

 

Եթե դրանով մենք ցանկանում են իրավական ձևակերպում տալ ՀՀ-ի և Արցախի միջև այսօր գոյություն ունեցող իրողություններին, ապա դա ոչ մեկին չի հետաքրքրում: Եթե ցանկանում ենք դրանով քայլ առ քայլ կյանքի կոչել միացումը՝ խուսափելու համար միջազգային, այդ թվում ռուսական հակազդեցությունից, որը հաստատ կագայինք մեր մաշկի վրա, եթե կյանքի կոչվեր միացման մասին 1991թ. որոշումները, ապա դա ընդունելի է:

 

Անցնենք խնդիրներին, ավելի ճիշտ՝ միակ հիմնական խնդրին. եթե կարծում ենք, որ ճանաչումը կբերի սահմանային միջադեպերի կանխմանը և մեր տղաները այլևս չեն զոհվի սահմանի վրա՝ ապա հաստատ սխալվում ենք՝ Ադրբեջանը բոլոր դեպքերում շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը մինչև չստանա իր ցանկալիքը կամ մինչև չստանա այնպիսի հարված, որ չկարողանա ուշքի գալ առաջիկա 25-50 տարում:

 

 

Վախթանգ Սիրադեղյան