Վերջին շրջանում աճել են գայլերի ոհմակների հարձակումների թիվը: Հատկապես դժգոհություններ են հնչում գյուղացիների կողմից առ այն, որ գիշատիչների հարձակումներից առաջացած վնասների չափերը ահռելի թվերի են հասնում: Բացի ոչխարների հոտերը կոտորելուց, շատ հաճախ գիշատիչների կողմից հարձակումներ են լինում հենց մարդկանց ու բնակավայրերի վրա:

 

 

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Փրկենք գայլերին» նախաձեռնություն է ստեղծվել, որն իր դժգոհությունն է հայտնում գայլերի դեմ պայքարի համար՝ պնդելով, որ պետությունը պետք է կանխարգելի ու թույլ գայլերի որսը: Այսօր տարածած հայտարարության մեջ էլ ասվում էր. «Հայաստանի հասարակությունն ունի ցանկություն և պատրաստակամություն հարցը դարձնել լայն քննարկման առարկա և մասնակցել խնդրի շուրջ արդյունավետ որոշում կայացնելու գործընթացին»:

 

 

Խորին հարգանք ունենալով բոլոր կենդանասերների և «Փրկենք գայլերին» նախաձեռնության անդամների նկատմամբ, այնուամենայնիվ մի հարց անհասկանալի է մնում: Իրենք նշում են, որ Հայաստանի հասարակությունն ունի պահանջ հարցը հանրայնացնելու: Արդյո՞ք տվյալ «Հայաստանի հասարակության» մեջ մտնում են այն գյուղացիներն, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ: Գայլերի հարձակումներից տուժած գյուղացիները մտնու՞մ են դրա մեջ, կո՞ղմ են, որ գայլերի որսը դադարեցվի, թե ոչ:

 

 

Նախաձեռնության անդամները խելացի տողեր են շարել իրար կողքի, սակայն հարց է առաջանում՝ լավ ենթադրենք գայլերին սպանելն արգելվում է, ի՞նչ է լինելու հատկապես այն մարդկանց «ճակատագրերը», որոնց բնակավայրերը մշտապես հարձակումների են ենթարկվում գիշատիչների, մասնավորապես, գայլերի կողմից: 
Վստահ կարող եմ ասել, որ Երևանի բնակչությունը զենքն առած չի գնալու Հայաստանի հեռավոր գյուղերում գայլերի սպանդ կազմակերպելու: Գայլերից ավելի շատ պաշտպանվելու են այն մարդիկ, որոնց բնակավայրերը ենթարկվում են հարձակումների:

 


Մարդկանց կյանքերն ու նրանց ապրուստի միջոցը պաշտպանելու այլ արդյունավետ ինչ որ մեխանիզմներ առաջարկելու ե՞ք, որոնք ֆանտաստիկայի ժանրից չեն, թե դեռ չգիտեք: Օրինակ մտածե՞լ եք՝ ինչ պետք է անի գյուղացին, եթե իր հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվում, իսկ իր գամփռն էլ ենթադրենք «արդար պայքարում» զոհվում է: Կա՞ առաջարկ, թե ոչ:

Եթե ոչ, ապա այս դեպքում, ամեն ինչ խիստ միակողմանի է լինում, դուք պաշտպանում եք գայլերին, մարդիկ ու անասունները մնում են անպաշտպան ու հայտնվում գիշատիչների «կրակակետի» տակ: Կարծում եմ, հարկավոր է պաշտպանել ոչ թե գայլերին գյուղացուց ու գյուղացու ոչխարներից, այլ հակառակը:

 

 

 

 

 

Տիգրանուհի Դավթյան