«Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ ունեցավ մրցույթի առաջին կիսաեզրափակչում: Հայաստանի ներկայացուցիչը եվրատեսիլյան բեմում 7-րդ համարի ներքո ներկայացավ LoveWave ստեղծագործությամբ:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ- 2016»-ը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ:
LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը' Love Wave-ը: