Չի կարելի ձգձգել որևէ քաղաքական հարցի լուծումը, քանզի ձգձգելով դու դոփդոփում ես տեղում և առաջ չես գնում։ Հարկավոր է առաջ գնալ և նոր հարցեր, նոր խնդիրներ լուծել․․․ Իսկ հաջորդ և ավելի բարդ խնդիրները լուծելու համար պետք է նախ առաջինը լուծել և ոչ թե շրջանցել, որը նույնպես կարող է վտանգավոր հետևանքներ բերել իր հետ․․․ Արցախը որպես քաղաքական ինքնուրույն միավոր պետք էր ճանաչել գոնե քսաներկու տարի առաջ, զինադադարից անմիջապես հետո կամ այդ օրերին․․․ Բայց քսաներկու տարի շարունակ խոսել մի խնդրի մասին և թողնել չլուծված, խոսում է լոկ այն մասին, որ մեր իշխանությունները հեռուն տեսնող լուրջ քաղաքագետներ չունեն իրենց շրջապատում․․․ Ըստ երևույթին քսաներկու տարիներ նրանք սպասել են, որ ստույգ հրահանգ գա Մոսկվայից՝ փորձելով կռահել Մոսկվայի ցանկությունները նրանց ոչինչ չասող հայտարարություններից․․․
Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ոչ միայն դեմ չէ Ռուսաստանի Կովկասում իրականացվող քաղաքականությանը, այլ հակառակը՝ ի նպաստ է։ Հենց այդ պատճառով Մոսկվան չի կարող նման հրահանգ տալ։ Հակառակը, նա հայտարարություններ կանի, որ դեմ է, որ իրենք չէին սպասում, որ Երևանը նման քայլի կգնա, որն ավելի կսրի իրավիճակը, կոչ կանի՝ վերանայել․․․ իսկ ադրբեջանին զենք կվաճառի, կհրահրի անցնել հարձակման՝ պատժելու <<անհնազանդ Հայերին․․․
Իրականությունն այն է, որ պատերազմը ձեռնտու չէ ադրբեջանին։ Հենց այդ պատճառով էլ նրանք խուսափում են՝ գիտակցելով դա․․․ (Մի քիչ չափազանցված է նրանց ռազմատենչ լինելու մասին խոսակցությունները․․․): Ձգձգվելու դեպքում այն կարող է ներքին լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել այդ երկիրը․․․ Պատերազմը, ոչ միայն զուտ քաղաքական, այլ և տնտեսական, և հոգեբանական առումներով կարող է խթանել Հայաստանին, քանզի Հայաստանում չեն կարող առաջանալ նույն խնդիրները, բայց այս քսանհինգ տարիների ընթացքում ՀՀ երեք կառավարությունների իրականացրած և տնտեսական, և ռազմական, և դիվանագիտական քաղաքականությունը Հայաստանը վերածեց մի կախյալ ու արդյունաբերությունից զուրկ մի երկրի, որը պատրաստ չէ երկարատև պատերազմի․․․
Ընդ որում այս քաղաքականությունը հենց եվրոպան է պարտադրել ՀՀ իշխանություններին, իր տրամադրած վարկային պայմաններով․․․ ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ միակ երկիրը, որը չի թողնում լուծել Ղարաբաղի հարցը, Ռուսաստանն է։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Անկասկած է, որ մեր իշխանությունները երբևէ լրջորեն չեն մտածել և եվրոպայի, և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի քաղաքականության մասին․․․ Քանզի երբ հասկանում ես խնդիրը, այն արդեն դժվար չէ լուծել․․․ Եթե ՀՀ-ի իշխանությունները, որոնք գիտեին, որ ադրբեջանը մի օր հարձակվելու է, նախապես պատրաստվեին, ապա մեր կորուստները շատ քիչ կլինեին, իսկ ադրբեջանի ամբողջ զորախմբեր կընկնեին շրջապատման մեջ․․․ Բայց ինչ եղել է, արդեն անցյալ է և կենտրոնանալ անցյալի վրա, նորից նշանակում է դոփել տեղում․․․
Ինչպես երևում է, ներկայիս իշխանությունները, որ իսկապես ստեղծել են ոստիկանական հզոր համակարգ, դրանով ապահովել ՀՀ իշխանությունների աանվտանգությունը ոչ միայն իրենց կողմից լիովին ոչնչացված ընդդիմությունից, այլև օտար երկրների ոտնձգություններից, միտք չունեն հեռանալ․․․ Եթե նրանք փորձեին անել այն, ինչ պահանջում է ոչ թե անտեղյակ <<հասարակությունը>>, այլ պետության շահը, կարելի էր հասկանալ նրանց համառությունը, բայց երբ շարունակվում է նույն անտարբերությունը, նույն անգործունեությունը, ցավով ու ափսոսանքով զգում ես, որ ՀՀ-ն այսօր կանգնած է պատմությունը կրկնվելու վտանգի առջև․․․
Արմեն Հարությունյան