Տղաներ, ովքեր իրենց միջով են անցկացրել պատերազմը եւ այսօր էլ շարունակում են ապրել այդ հուշերով։ Նրանց աչքերում տեսել եմ Շուշիի ազատագրման մարտը։ Տեսել եմ, թե ինչպես է Ասկոլկան (Աշոտ Ղուլյան) իր տղաների հետ միասին նռնակներ նետում Շուշիի բերդում պատսպարված ադրբեջանցիների վրա եւ ինչպես է պաշտպանվում այնտեղից հորդացող պատասխան կրակից։

 

Տեսել եմ, թե ինչպես է Շոշ գյուղի վերեւի բարձունքից Կուճյուր Վիտոն իր թնդանոթով կրակում Շուշիի ամրոցի ուղղությամբ՝ փորձելով ճեղք բացել այնտեղ մեր տղաների համար։ Տեսել եմ, թե ինչպես է Դուշման Վարդանը տանջում այն ժամանակ 15-֊ամյա Սեւակ Մալյանին, որպեսզի նա ավելի պատրաստված լինի Շուշիի մարտին։ Տեսել եմ, թե ինչպես են Ժաննա Գալստյանն ու Սերժ Սարգսյանը մարտակոչով դիմում Քարին Տակ եւ Սղնախ գյուղերի միջեւ ընկած անտառում քողարկված զինվորներին։ Տեսել եմ, թե ինչպես է ադրբեջանական ինքնաթիռի արկից զոհվում Երեւանից եկած Հրանտ անունով մի երիտասարդ, ում մահը մինչ օրս արցունքներ է բերում իր զինակիցների աչքերին։

 

Տեսել եմ, թե ինչպես է մեր տանկը կրակում թշնամու ուղղությամբ եւ ինքը խոցվում համապատասխան արկ չունենալու պատճառով։ Տեսել եմ, թե ինչպես է Լեւոն Մնացականյանը ականանետով ոչնչացրել ադրբեջանցիների դիրքերը։ Եվ վերջապես տեսել եմ, թե ինչպես է հայ զինվորը հաղթական մտնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի…

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան