Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլ ամսից սկսված լարված իրավիճակը շարունակվում է պահպանվել, Ադրբեջանը ամեն օր խախտում է հրադադարը' տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելով հայ դիրքապահների ուղղությամբ:
Ճիշտ է' 1994թ-ի մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվել է պայմանագիր, որը սկիզբ է դրել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին, սակայն հրադադարի ռեժիմի պահպանման կոչերն այդպես էլ չեն ազդում Ադրբեջանի վրա: Ավելին, Ադրբեջանը պատեհ-անպատեհ հայտարարում է ԼՂ հակամարտության զինված ճանապարհով լուծման մասին ու պարբերաբար վկայակոչում է 1993թ-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 4 բանաձևերը, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանը անհապաղ պետք է կյանքի կոչի:

 


Բացառություն չէր նաև օրերս Պրահայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին «հիշեց» Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի մասին:
Առնվազն զավեշտալի է Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային հարթակներում ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերին հղում կատարելը, քանի որ այդ բանաձևերի պահանջը առաջին հերթին չի իրականացնում Ադրբեջանը: Բանն այն է, որ Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիմնարար ու առաջնահերթ պահանջն էր բոլոր ռազմական գործողությունների ու թշնամական ակտերի անհապաղ դադարեցումը: Բացի այդ, 4 բանաձևերից ոչ մեկում Հայաստանը չի մատնանշվում որպես հակամարտության կողմ, իսկ Արցախը ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ, ինչն Ադրբեջանը շարունակաբար փորձում է անտեսել: Բանաձևերը Հայաստանին վերաբերում են այնքանով, որ միայն կոչ է արվում Հայաստանին «շարունակել օգտագործել իր ազդեցությունը» Արցախի վրա:

 


Ստացվում է, որ Ադրբեջանի պահանջները իրավական հիմքից զուրկ են. հենց Ադրբեջանը՝ չկատարելով Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, ինքն է պահանջում դրանց իրականացումը Հայաստանի կողմից: Խնդիրն այլ է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի պահանջ ներկայացնել Ադրբեջանին անվտանգության խորհրդի բանաձևերը իրականացնելու և ԼՂՀ-ի հետ' որպես հակամարտության կողմ, անմիջական բանակցությունների մեջ մտնելու հարցում:
Կարծում եմ ժամանակն է վերջ տալ ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքին և արթնացնել միջազգային հանրությանը խորը քնից, որպեսզի տեսնեն՝ «հավասարության» նշանն այլևս չի գործում:

 

Նարեկ Պողոսյան