Եթե ժամանակին արվեին Ադրբեջանին ուղղված հասցեական, դատապարտող հայտարարություններ, այսօր իրադրությունը առաջնագծում այսչափ լարված չէր լինի: Քառօրյա պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ստուգում էր ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ նաև ցանկանում էր պարզել միջազգային հանրության' մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը:

 


Պաշտպանության բանակի մարտունակության մասով Ադրբեջանական կողմին մեծ հիասթափություն էր սպասվում, իսկ միջազգային հանրության արձագանքը Բաքվի համար շատ հուսադրող էր, նույնիսկ' ոգևորող: Նույն անհասցե կոչերն էին, նույն ընդհանուր գնահատականները' ռազմական ճանապարհով հարցը լուծելու անթույլատրելիության մասին: Սա կանաչ լույս էր Բաքվի կողմից հետագա հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման ճանապարհին:
Փաստորեն, Ադրբեջանը այնքան է ոգևորվել Էրդողանի անթաքույց աջակցությունից, որ իրեն թույլ է տալիս բացահայտ արհամարել երեք ազդեցիկ պետությունների եռանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մանդատը: Եթե այսպես շարունակվի և ռազմական գործողությունները նոր թափով վերսկսվեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընդհանրապես կորցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վերահսկողությունը և հայտնվել «խաղից դուրս» վիճակում:

 


Այս տխուր հեռանկարից խուսափելու, Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու համար, այսօր առավել քան երբեք, անհրաժեշտ է զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Մինսկի խմբի հասցեական, դատապարտող հայտարարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ապացուցի, որ լայնամասշտաբ պատերազմը զսպելու ներուժ ունի, որ ունակ է ստեղծել նախադրյալներ'հարցի լուծումը բանակցային հուն վերադարձնելու համար:
Հայտնի իրողություն է, որ բազմապատիկ անգամ ավելի դժվար է հանդարտեցնել մոլեգնող պատերազմը, քան կանխել այն:
Պետք է արժանին մատուցել նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը'հակառակորդի սադրանքների տուրք չտալու , հավասարակշռված, իրավիճակին ադեկվատ և հստակ գործողությունների համար:

 

 


Հայկ Արամյան