Վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թ.-ի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ցուցանիշները հունվար-մարտ ամիսների համար, որտեղ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5,6% և այդ աճին հիմնական նպաստել են ծառայությունների աճը՝ 10% և արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը՝ 8,9%:
Իր հերթին արդյունաբերության արտադրանքի ծավալի աճին հիմնականում նպաստել են հանքագործական արդյունաբերությունը (27,7% աճ) և էներգետիկան, կամ ավելի ճիշտ էլեկտրաէներգիայի և գազի արտադրությունը, բաշխումը և մատակարարումը միասին (18%): Այստեղ էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը աճել է 28 %-ով, որտեղ իր հերթին աճին զգալիորեն նպաստել է էլեկտրաէներգիայի հաղորդումը և բաշխումը: Նշենք նաև, որ գազի արտադրության և բաշխման ծավալները նվազել են՝ 7,5%-ով:

 


Էլեկտրաէներգիայի արտադրության աճը (5%) հիմնականում ապահովել է հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրության ծավալների աճը՝ 28,2%, իսկ ահա ՋԷԿ-երի արտադրության ծավալների անկումը կազմել է՝ 3,5%, իսկ ՀԱԷԿ-ի կողմից աճը ընդամենը՝ 1,1%:
Իր հերթին հանքագործության ոլորտի աճին հիմնականում ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանումը:

 


Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենախոշոր բաժինը կազմող մշակող արդյունաբերությունը հունվար-մարտին անկում է գրանցել 0,5%: Այստեղ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ճյուղերից աճ են ապահովել՝ խմիչքների արտադրությունը (17,5%) և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը (51,4%), իսկ անկում են գրանցել՝ սննդամթերքի արտադրությունը (5,4 %) և հիմնային մետաղների արտադրությունը՝ (21,6%):
Արդյունաբերական արտադրանքի 41,2%-ը արտադրովւմ է Երևանում: Հաջորդ ամենախոշոր արդյունաբերական մարզերն են՝ Սյունիքը (15,2%), Արարատը (10,9 %) և Լոռին (10,3 %):

 

 

Հայկ Համբարձումյան