Վերջին շրջանում կրկին շատացել է տարատեսակ «մտահոգ քաղաքացիների» թիվը, ովքեր ֆեյսբուքյան նամակների ու ստատուսների կերպով տարատեսակ տեղեկատվություն են տարածում «զոհերի իրական թվի», «առաջին գծում տիրող խայտառակ վիճակի» և «սոված զինվորների մասին»։
Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ որպես կանոն նման նամակագիրներն ու ստատուսագիրները թաքնված են կասկածելի պրոֆիլների հետևում, կամ էլ պարզապես մարդիկ են, ովքեր չգիտակցելով դա, ռետրանսլյացիա են անում նման տեղեկատվությունը, որը լսել են չգիտեմ ումից, չգիտեմ ոնց ու չգիտեմ երբ։
Իրականում, միայն հիմարը կարող է պնդել, որ բանակում ամեն ինչ իդեալական է ու ոչ մի խնդիր չկա։ Սակայն ավելի մեծ հիմարություն է հալած յուղի տեղ ընդունել ցանկացած տեղեկատվություն, որի սկզբնաղբյուրը հնարավոր չէ ճշտել։ Խնդիրը նա է, որ երբեմն նման տեղեկատվական գրոհների զոհ դառնում են նաև բավականին հանրային դեմքեր, ովքեր ակամա միանում են նման ապատեղեկատվության հետագա տարածմանը։
Այս ֆենոմենի մյուս սարսափելի կողմը անխուսափելի մուլտիպլիկացիան է։ Վերացական օրիանակի վրա բացատրեմ այդ մեխանիզմը, որ հասկանաք․
Վաղոն ինչ որ ծանրոց է ուղարկում Արցախ ու այդ ծանրոցը տեղ չի հասնում։ Վաղոն դա պատմում է Գագոյին, Սիրանին ու Նորիկին։ Այդ երեքն իրենց հերթին են մարդա երեք հոգու պատմում, որ Արցախ ծանրոց են ուղղարկել, որ չի հասել ու այսպես շարունակ։ Հետո ինչ որ հանրային, կամ էլ ոչ այնքան հանրային դեմք գրում է, որ EREXEEEEEQ OGNUTYUN CHKA, ZINVORY SOVAC A, ինչից հետո մեկնաբանություններում հայտնվում են Գագոն, Սիանը, Նորիկը և այն մարդիկ, ում պատմել են ծանրոց չհասցնելու պատմությունը, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր այդ շղթայով լսել էին Վաղոյի պատմությունը ու հաստատում են, որ այո՛ իրենք էլ տենց դեպք/դեպքեր գիտեն, որ օգնությունը չի հասել, հետևաբար՝ զինվորը սոված ա։
Կողքից խամ մարդն էլ նայում ու տեսնում է, որ նման ահազանգ կա ու տեսնում է, որ տակի մեկնաբանություններում տասնյակ մարդիկ ասում են, որ իրենք էլ գիտեն նման դեպքերի մասին։ Ու խամ մարդը չի հասկանում, որ
- նախ՝ էդ X թվով մարդիկ ամենևին էլ պարտադիր չէ, որ նույն X թվով տարբեր դրվագների մասին խոսեն,
- հետո՝ նույնիսկ եթե սահմանին ոչ մի գրամ օգնություն չհասներ, ինչն իհարկե այդպես չէ, զինվորը էլի սոված չէր լինելու, որովհետև անկախ ամեն ինչից, դիրքեր բարձրացող զինվորին էլ, զորամասում ու դաշտային պայմաններում գտնվող զինվորին այսպես թե այնպես կերակրում են, ինչպես կերաակրում էին մինչև ապրիլի 2-ը։ Գուցե աշխարհի ամենահամով կերակուրը չէ, բայց սոված զինվոր երևույթը մենք հաղթահարել ենք դեռ մի 12-13 տարի առաջ, եթե ոչ ավելի վաղ։
Առակս ինչ կցուցանե․ այս օրերին շատ կարևոր ու տագնապալի տեղեկատվություն է լինում, որն անտեսելը սխալ է։ Ասեմ ավելին․ պետք է հետամուտ լինել ու հետևողական, որպեսզի առկա թերությունները հայտնաբերվեն, ու պարզվեն այն հասցեատերերը, ովքեր պատասխանատու են այդ թերացումների համար։ Բայց ցանկացած պարագայում, մի տրվեք պարզապես հանրային ալիքներին, և ցանկացած նման լուր տարածողի ու առավել ևս՝ անծանոթի պարագայում խորացեք մինչև վերջ ու համոզվեք, որ հավաստի տեղեկատվության հետ գործ ունեք, որպեսզի օգուտի տեղը վնաս չտաք։
Կոնստանտին Տեր-Նակալյան