Ովքե՞ր են «հրամայում» բանակն այս կամ այն կողմ ուղարկել
Ապրիլյան իրադարձություններն առաջին պլան մղեցին ղարաբաղյան հիմնախնդիրը, որում ակնհայտ նկատելի էր, որ Ադրբեջանը խճճվել է իր քայլերում, իսկ Հայաստանի դիրքորոշումն առավել կարծրացել է:
Բանակցե՞լ, թե՞ չբանակցել. սա վերջին մեկ ամսվա գլխավոր հարցադրումներից է: Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է տեղ թողել բանակցությունների համար, իհարկե այդ տեղ թողելը չպետք է լինի մեր շահերի հաշվին, սակայն այս պահին բոլոր կամուրջներն այրելու պահը դեռ չի մոտեցել:
Այլ հարց է, որ այս պահին բանակցությունների վերսկսումը ուղղակի հնարավոր չէ, որովհետև ռազմական գործողությունների իրականացումը փլուզեց տարիներով ձեռք բերվածը, սակայն դա չի նշանակում, որ առհասարակ պետք է հրաժարվել բանակցություններից, որովհետև հրաժարվելը՝ դա փաստացի պատերազմ հայտարարելն է:
Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գոռում են՝ վերջ տվեք բանակցություններին ու առաջ դեպի Բաքու, ընդ որում՝ դեմքի լուրջ արտահայտությամբ: Ամեն ինչի ժամանակն է կարող է գալ, սակայն չպետք է տրվել կրքերին ու նմանատիպ հայտարարություններով ապակողմնորոշել հանրությանը:
Այս փուլում ռազմական ղեկավարությունը փոքր ինչ քիչ է խոսում, սակայն դա բնական է, այսօր քիչ խոսելու ու շատ գործելու ժամանակն է, այլ ոչ թե պոռոտախոսների, ովքեր բազմոցներին նստած «բանակն այս կամ այն կողմ են ուղարկում»:
Նարեկ Պողոսյան