Այս անգամ էլ պարտության պատճառը «Իրանն» էր
Ադրբեջանում դեռևս փնտրտուքների մեջ են և քառօրյա պատերազմում կրած բազմաթիվ մահացածների և պարտությունների համար մեղավորներ են փորձում գտնել։
Այժմ էլ հարևան երկրում խոսում են, որ Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային հատվածում հակառակորդի պարտությունների մեղավորը Իրանն է․ ադրբեջանական «հավաստի աղբյուրների» համաձայն՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ գիշերային մարտերի ժամանակ, իրանական կողմը դիտավորյալ լուսավորել է ադրբեջանական դիրքերը, ինչի հետևանքով հայկական ստորաբաժանումները նկատել են ադրբեջանցի հատուկջոկատայիններին, ովքեր «հակագրոհի» են պատրաստվելիս եղել։ Արդյունքում՝ «ձախովել է ամբողջ օպերացիան, և ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել»։

 


Համաձայն մյուս «ուշագրավ» վարկածի՝ մարտերի ընթացքում Ադրբեջանի սահմանային գյուղերում գործել է «հայկական կողմի օգտին աշխատող լրտեսների խումբ»։ Ըստ տարածված տեղեկության՝ խումբն ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժի և տեղակայման վայրերի մասին տեղեկություններ է հաղորդել «թշնամուն»՝ հայերին։
Մի խոսքով՝ ադրբեջանցիներն իրականությունից խուսափելով՝ սին ու անհիմն պատճառներ են փնտրում՝ պատրությունը կոծկելու համար։ Այսպիսին է պարտվող ադրբեջանցու տեսակը։

 


Հ․ գ․ Լավ կլինի՝ այդ տեսակը չփոխվի, որովհետև հենց գիտակցեն, որ իրենց պարտությունների մեղավորը ոչ թե որևէ երրորդ կողմն է, այլ՝ հենց իրենք, սկսելու են աշխատել իրենց վրա․․․ իսկ այս դրությունը մեզ հնարավորություն է տալու «երրորդ կողմի աջակցությամբ» մշտապես հաղթանակներ տոնել․․․

 

Աշոտ Մովսիսյան