Ովքե՞ր են անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ամենից շատ քննադատված բարձրաստիճան պաշտոնյաները
Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական, կրոնական, քաղաքական, իրավական և այլ բազմաբնույթ խնդիրներին զուգահեռ՝ անցնող շաբաթվա ընթացքում երկրի բարձրագույն ղեկավարության վարկանիշի վրա բացասական առումով լուրջ ազդեցություն ունեցան մի քանի օր շարունակ հատկապես գիշերային ժամերին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական ռազմական գործողությունները, որոնց հետևանքով էականորեն տուժել են նաև ադրբեջանական սահմանային մի շարք խաղաղ բնակավայրեր: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը, արդեն ավանդական դարձած մարտավարության համաձայն, միտումնավոր կերպով հարվածային զինտեխնիկան տեղակայում է խաղաղ բնակավայրերում՝ բնակելի տների, հասարակական նշանակության հաստատությունների հարևանությամբ, որպեսզի հայկական զինուժի պատասխան գործողությունների հետևանքով լուրջ վնասներ և կորուստներ արձնագրվեն հենց խաղաղ բնակչության շրջանում. նպատակը՝ հատկապես միջազգային լսարանին հայկական կողմի «վայրագությունները» ցուցադրելն է:
Մինչդեռ, սեփական իշխանությունների՝ արդեն ծանոթ գործելաոճը լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել նաև ադրբեջանական հասարակության առավել գիտակից հատվածի շրջանում: Մեկ անգամ չէ, որ, հայերին զուգահեռ, ամենասուր քննադատություններ և հայհոյանքներ են ուղղվում հենց Ադրբեջանի իշխող վերնախավի մի շարք ներկայացուցիչների հասցեին:
Եվ այսպես, «ադրբեջանական փողոցից» ստացված ամենավստահելի տեղեկատվության համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում ամենից շատ քննադատված բարձրաստիճան պաշտոնյաների առաջատար եռյակը բացում է ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հասանովին քննադատում են սին և անպտուղ հայտարարությունների, խոսքից գործի անցնելու անկարողության մեջ. մասնավորապես՝ փոխանակ հայկական կողմին համարժեք պատասխան տալու, պաշտպանության նախարարը զբաղված է PR քայլերով՝ այցելություններ դիրքեր, սահմանամերձ բնակավայրեր, անպտուղ հայտարարություններ, իսկ ադրբեջանական զինտեխնիկան օգտագործվում է միայն ռազմական շքերթների ընթացքում ցուցադրելու նպատակով:
Ադրբեջանցիների հայհոյանքներին արժանացած պաշտոնյաների երկրորդ պատվավոր հորիզոնականում երկրի նախագահ Իլհամ Ալիևն է: Նա նույնպես մեղադրվում է սին և անպատասխանատու հայտարարություններ կատարելու մեջ. որպես օրինակ՝ «երբ անհրաժեշտ լինի, Ղարաբաղը կազատագրենք»: Բացի այդ, քիչ չեն նաև նախագահին ուղղված հայտարարությունները սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված և հատկապես՝ «Պանամայի օֆշորային գործարքների» առնչությամբ:
Մինչդեռ անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ամենահայհոյված պաշտոնյայի դափնին պատկանում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Վերջինը և նրա կողմից ղեկավարված կառույցը մեղադրվում է ինչպես դատարկաբանությամբ զբաղվելու մեջ, այսինքն՝ «որևէ շոշափելի արդյունքից զուրկ», «ոչինչ չասող» հայտարարություններ տարածելով, այլև՝ տապալվել է միջազգային հանրությանը հայկական կողմի ագրեսիվ գործողությունների մասին համոզելու գործում, քանի որ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունում, ինչպես Ադրբեջանից դուրս, այնպես էլ, առավել ևս, երկրի ներսում:
Բացի նշվածից, Մամեդյարովը «ադրբեջանական փողոցի» բանավոր թիրախում հայտնվեց ապրիլի 27-ին Բաքվում կայացած Էրոս Ռամազոտիի համերգին ներկա գտնվելու պատճառով. երկրի համար այսքան կարևոր ժամանակահատվածում, երբ սահմանում լարված է իրավիճակը, հարյուրավոր ընտանիքներ սգում են իրենց զինվորների մահն, ԱԳ նախարարն անհոգ կերպով զվարճանում էր իտալացի երգչի համերգին:
Արմեն Պետրոսյան