Փետրվարի 27-ից Սիրիայի տարածքում հաստատված բավական փխրուն հրադարը շատ մոտ է վերջնական տապալման: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է եկել հատկապես երկրի հյուսիսում՝ Հալեպի նահանգում:
Ընդհանուր առմամբ, ռազմական տեսանկյունից էականորեն պասիվ վերջին երկու ամիսները հակամարտ կողմերից յուրաքանչյուրը ծառայեցրեց սեփական շահերին. կառավարական ուժերի տեսանկյունից՝ երկրի որոշ հատվածներում սեփական դիրքերի ամրապնդման, իսկ ընդդիմադիր դերակատարների պարագայում՝ հիմնականում սեփական շարքերի համալրման և նոր սպառազինությունների ձեռքբերման նպատակով:
Սիրիական հակամարտության շրջանակներում նկատվող նոր միտումների համար որոշակի ցուցիչի դեր կարող է ունենալ նաև խնդրի հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 3» բանակցային գործընթացում արձանագրված վերջին զարգացումները: Մասնավորապես, «Ժնև 3-ի» հերթական՝ արդեն 3-րդ ենթափուլը ցույց տվեց, որ միջազգային հանրության բարձր հովանու ներքո նախաձեռնված գործընթացը ներկայում հայտնվել է փակուղում, և սիրիական ռազմադաշտում առկա վերջին իրողություններին զուգահեռ, հնարավոր է, վերջնականապես հանգեցնի հակամարտության կարգավորման վերջնական տապալմանը. սիրիական քաղաքական ընդդիմության առավել արմատական հատվածի՝ (Էր-Ռիադի կողմից հովանավորվող) «Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի» կողմից Ժնևը լքելու իրողությունը ևս այդ հարթությունից է:
Վերոնշյալի համատեքստում, և՛ սիրիական ռազմադաշտում ընթացող գործընթացները, և՛ Ժնևում ստեղծված իրողությունը թույլ են տալիս ենթադրելու զարգացումների առնվազն երկու հնարավոր սցենարի մասին: Նախ այն, որ սիրիական արմատական ընդդիմությունը փոխհամաձայնեցված կերպով փորձում է շանտաժի միջոցով պարտադրել միջազգային հանրությանն՝ առավել մեծացնելու ճնշումները Սիրիայում գործող վարչակարգի վրա՝ նպատակ ունենալով բանակցային օրակարգ վերադարձնել Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողության հարցը: Մյուս կողմից, և առվել մեծ հավանականությամբ, վերոնշյլ իրողությունները փաստում են, որ իրավիճակն իրականում դուրս է եկել վերահսկողությունից, և սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված, ու միջազգային հանրության կողմից մինչ այս գործադրված ամենամեծածավալ ջանքերն, ըստ էության, հերթական անգամ տապալվեցին, ինչը միանշանակորեն հղի է բավական վտանգավոր և ողբերգական հետևանքներով:
Հ.Գ. Միայն Հալեպում նախորդ շաբաթվա ընթացքում բանակային ստորաբաժանումների և տարաբնույթ զինված խմբավորումների միջև ծավալված ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 202 մարդ:
Արմեն Պետրոսյան