Պատրաստ ու զգոն լինենք... Ճիշտ էր, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի վերաբերյալ համացանցում այսպիսի բաց քննարկում գնաց: Ինչ էլ որ եղած լինի' այս պայթյունը իրոք լուրջ ահազանգ պետք է հանդիսանա բոլորիս համար, քանի որ սա թերևս մայրաքաղաքի համար առաջին նմանատիպի արտասովոր դեպքն է, որը կատարվեց քաղաքային տրանսպորտում, հասարակական վայրում: Վերջապես գիտակցել է պետք, որ մենք հիմա այնպիսի վիճակում չենք, որ որևէ վտանգից ջայլամի նման ավազի մեջ թաքնվենք: Տեսնում ենք, որ արդեն բաց տեքստով է ասվում, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի: Այս միջադեպը նաև զգոնության յուրահատուկ ահազանգ էր մեզ, որ զգոն ու պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացումների: Խառնվել պետք չի, ժողովուրդը լավ խոսք ունի. «Եղունգ ունես' ականջդ քորի»:
Եթե ուզում ենք վերջապես Երկիր դառնալ' երևի թե այս ամենի միջով պետք է անցնենք: Սա փորձություն է, որը, վստահ եմ, պատվով կհաղթահարենք: Եվ մի հարց էլ. եկեք ի վերջո մոռանանք «ռազմավարական» դաշնակից, բարեկամ և այլ նմանատիպի ծեծված ու խնդիր չլուծող, այլ հակառակը' միայն գործին խանգարող բառերը: Կարծում եմ, պատմական այս բախտորոշ պահին մեր իսկական դաշնակիցը միայն ու միայն մենք պետք է լինենք, իսկ որևէ այլ օտար երկիր' դա արդեն հաստատ բացառվում է:
Ռուբեն Շուխյան