«Ավրորան» ցույց տվեց մեզ ճիշտ ճանապարհը... «Ավրորա» մրցանակաբաշխությունը առանց չափազանցնելու մեծ ազդեցություն է թողել բոլորիս վրա: Դրա մասին արդեն գրում են և դեռ էլի շատ կգրեն, որովհետև նման բարձր մակարդակի իրադարձություն թերևս այս վերջին տարիներին Հայաստանում իրոք չէր եղել:

 


«Ավրորայի» գլխավոր խորհուրդը, կարծում եմ, առաջին հերթին նրանում էր, որ այս միջոցառմանը Հայը և Հայաստանը զարմանալիորեն ներդաշնակ և արժանապատիվ կերպով ներկայացան համամարդկային, սահմանները չճանաչող արժեքների ներքո: Իհարկե, բացառիկ է այստեղ Ռուբեն Վարդանյանի դերը' որպես վառ և մտածող անհատականության: Եվ իր արտահայտած մտքերում, և իր բոլոր ձեռնարկումներում նա իրեն միանշանակ դրսևորում է որպես լայն ու չկաղապարված մտածելակերպ ունեցող անհատականություն, որն իրոք անշահախնդիր կերպով ուզում է օգնած լինել իր հայրենիքին:

 


Այս ամենը հուսադրող նորություն է և թարմ հոսանք' համեմատած վերջին տարիներին մեզ մշտապես հրամցվող «սովետախտի» վաղուց արդեն հնացած ստանդարտների հետ: Երևի թե եկել է արդեն այն ժամանակը, որ պետք է վերջապես իրատեսորեն նայել դեպի ապագան և ներկայանալ աշխարհին' արդեն այսպիսի հպարտ կեցվածքով:

 

 

Ռուբեն Շուխյան