Մեկ դար և մեկ սեր. Դանիել Վարուժան և Արաքսի Թաշճյան... Արաքսիի հայրը Վարուժանին հրավիրում է որպես տնային ուսուցիչ՝ դստերը հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը՝ իր ֆինանսական դրությունը կարգավորելու նպատակով, և դասընթացների առաջին իսկ պահից՝ միանգամից գերվում է դեռատի Արաքսիի կանացի հմայքով: Սակայն դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված է դեռ օրորոցից՝ անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ: Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ' մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ աղջկան, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր՝ սերն ամբողջովին համակում է իրեն:

 

 

Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում Արաքսին, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից' անվանելով այդ ամենը խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի: Որոշ դեգերումներից հետո աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնել ցանկացած պայքարի միջով՝ միասին լինելու համար: Դանիելն ու Արաքսին վերջապես ամուսնանում են: Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծագործությունը, երկրորդը' Արմենը, իսկ երրորդը ' Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլ ամուսնացան հայերի հետ. տղաները' Ֆրեզնոյում, իսկ աղջիկը' Նյու Յորքում:

 

 

 

Ռուբեն Շուխյան