Ես հրետանավոր եմ: Մի տարի է ծառայում եմ, հաուբիցովս մի անգամ եմ կրակել՝ զորավարժության ժամանակ, գերազանց արդյունք եմ ցույց տվել: Մեր մարտկոցի տղերքը խելոք, գրագետ տղերք են, ճիշտա քաղաքացիական կյանքում ոչ բոլորն են սովորելու հետ սեր ունեցել, բայց ստեղ ժամանակի ընթացքում բոլորս անգիր ենք արել հաշվարկներ կատարելու ձևերը: Հրետանավորները պատերազմի աստվածներն են: Երկու տարով այս հսկա երկաթը, որի հետ շատ ենք կապնվել , մեզ Աստված է դարձնում: Շաբաթվա մեջ մի քանի անգամ մաքրում ենք, կարգի ենք բերում, սպասում ենք նոր զորավարժության, որ կրակենք փայտից թիրախներին ու արժանանանք գնդի հրամանատարի ու հրետանու պետի գովասանքի խոսքերին:
Այսօր ևս կարգի ենք բերում հաուբիցը, այսօր մի տեսակ շատ մանրակրկիտ ենք կարգի բերում, առավոտից լուրջ գործ ենք անում: Երեկոյան ճաշի ժամն է: Ճաշարանում հաց կերանք, հետո հանգստի ու անձնական խնամքի ժամ է, իսկ վերջում երեկոյան ստուգատես ու քուն: Զինվորի ամենաերանելի ժամն է:
Հնչեց վեր կաց հրամանը: Քնաթաթախ վեր ենք կենում, զգում եմ եմ , որ վեր կացը այսօր շուտ է եղել, հերթպահները իրար խառնված բոլորին զարթնացնում են, օրապահները րոպեն մեկ գոռում են ՝ դիվիզիոն զգաստ, դա նշանակում է ամեն անգամ մի բարձրաստիճան զինվորական է մտնում շենք: Ձեռքս գցում եմ կողքիս դարակի վրա դրված ժամացույցին, մի քանի ամիս առաջ ՝ լավ ծառայության համար, նախարարի կողմից պարգևատրվել եմ էտ ժամով, ժամը դեռ 4-ը չկա: Մտածում եմ ՝ երևի զորավարժություն է, էլի կկրակեմ հաուբիցովս: Բայց մի տեսակ շատ խառն են բոլորը: Չէ, չէ զորավարժություն է: Հաստատ զորավարժություն է :
Շարվում ենք շենքի դիմացը, բոլորը այստեղ են՝ գնդի հրամանատար, տեղակալներ, նույնիսկ մի գեներալ կա: Բոլորը անհանգիստ վազվզում են, մենք շարված ենք: Միայն դիվիզիոնի հրամանատարն է, որ ժպիտը դեմքին զինվորների հետ կատակներ է անում, փորձում է բոլորիս մեջից ցրել, այդ խառնվածությունը , որպեսզի չվախենանք: Դե Գյումրեցի է, առանց իրա հումորների մեր ծառայությունը շատ դժվար կանցներ: Լսվեց հրամանը ՝ զգաստ.
- Ծո , լսեք ինչ կսեմ: Մինչև թշնամու վերջին տանկը ու մյուս ռազմական օբյեկտները չխոցեք, ետ կազառմա եկող չլնի: Բոլորդ քայլով մարշ դեպի մեքենաները: Աստված պեխոտի հետ, մենք պատերազմի աստվածներն ենք, հույսներս պտի մեր վրա դնենք:
Մի քանի րոպե հետո բոլորս մեքենաների մեջ ենք, մեծ մասը չի հասկանում ինչա կատարվում , բայց բոլորս լուռ ենք: Մենք թշնամու տանկի վրա ենք կրակելու, ոչ թե փայտից սարքած թիրախների: Հասանք տեղ , դիրքավորվեցինք, արդեն բոլորս հասկացել ենք մեր խնդիրը: Զորավարժություն չէ, պատերազմ է , իսկական պատերազմ , Արցախյան պատերազմի նման , երբ հայրս գնաց կռիվ, հիմա ես եմ եկել :
Հաշվարկներ , ստուգումներ, կապ, նորից հաշվարկ , ստուգում , նորից կապ, հրաման ՝ ԿՐԱԿ: Երեք հաուբից իրար հետևից կրակեցին: Սիրտներս սկսելա արագ խփել , սպասում ենք պատասխանի: Պատասխանը ՝ երկու տանկ , մեկ ռազմական օբյեկտ ոչնչացված է: Ես և ընկերս տանկ խփեցինք, մեր մյուս ընկերը ռազմական նշանակություն ունեցող օբյեկտ: Իմ կրակածը ընկել է հենց թշնամու տանկի լյուկի մեջ, ընկերս մի քիչ վրիպել է, լյուկի մեջ չի քցել , բայց ոչնչացրել է: Ես թշնամու տանկ եմ խփել:
Տարիներ առաջ , երբ հայրս գնաց պատերազմ, նրա հետ էր նաև մանկության ընկերը: Թշնամու տանկը կրակել էր նրանց կողմ ու ընկերը զոհվել էր: Մի քանի օր է անցել, չեմ կարողանում զանգել տուն, որ հորս պատմեմ արածս, իմանա , որ իր տղեն վրեժը լուծել է: Մի օր հետո , երբ արդեն հրադադարի ռեժիմ էր մտցված, լրագրողներ եկան մեր դիրքեր, մեզ էին ցանկանում նկարել, իմացել էին մեր խոցած տանկերի մասին: Առիթ է, կպատմեմ ամեն ինչ, պապաս կլսի: Տեսախցիկով մոտենում են ինձ, խառնվել եմ իրար, թշնամու վրա կրակելուց սենց չէի խառնվում:
- Բարև Ձեզ, կներկայանա՞ք զինվոր:
-..........պապ, ես թշնամու տանկ եմ խփել, հա թուրքի տանկ, էն որ կրակել էր ձեր վրա, ես էտ տանկը խփել եմ, քո վրեժը լուծված է.......
-........շնորհակալություն Ձեզ:
/ Պատմության հիմքերը իրական են , բայց որոշ բաներ ենթարկվել են փոփոխության : Պատմությունը նվիրվում է ապրիլյան մարտերի ժամանակ հերոսությամբ աչքի ընկած բոլոր հրետանավորներին:
Աշոտ Ասատրյան