Պետական աջակցությունը զբոսաշրջային ոլորտում նոր դռներ կբացի Հայաստանի համար
Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: 2015 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 192 հազար: Վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս:
Զբոսաշրջությունը՝ զարգացման տեմպերով և արդյունքներով, երկրի տնտեսության մեջ առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, սակայն Հայաստանը ամբողջ ծավալով չէ, որ օգտվում է ընձեռված զբոսաշրջային հնարավորություններից:
Զբոսաշրջության զարգացումը պետական հոգացության կարիք է զգում, ուստի ոլորտի զարգացումը խթանելու նպատակով գործադիրը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագիրը' պետական բյուջեի ֆինանսավորմամբ' 188 միլիոն 400 հազար դրամի չափով, և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագրով նախատեսվում է համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել ակտիվ մարքեթինգ և խթանում: Կապահովվի առավել ներկայանալի մասնակցությունը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, կկազմակերպվեն օտարերկրյա լրագրողների և մասնագետների ճանաչողական այցեր Հայաստան:
Պետք է նշել նաև, որ 2016թ-ին կշարունակվի պետական աջակցությունը Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հետ համագործակցության շրջանակներում Երևանում Զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի գործունեությանը' նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի հեղինակության ու մրցունակության բարձրացմանը:
Մնում է հուսալ, որ պետական աջակցությունը զբոսաշրջային ոլորտում նոր դռներ կբացի Հայաստանի համար:
Մանե Զաքարյան