Ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։
1990 թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»։
Մահացել է 1991 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է Թաթուլ։
Զոհրապ Եգանյան