Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին, նախազգուշացնել Հայաստանին հրադադարի խախտման և ռազմական սադրանքների անթույլատրելիության մասին և հավելել, որ իրենք շարունակում են աջակցել Ադրբեջանին՝ օկուպացված տարածքների շուտափույթ վերադարձման համար: Երեկ նաև մեկ այլ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, Ստամբուլն ու մեր «բարեկամ» Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին հայտարարվել են քույր քաղաքներ, ինչի կապակցությամբ թուրքերը ավտոբուսներ են նվիրել Վրաստանին, իսկ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է' Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին:
Ի դեպ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը ապրիլի 21-ին կայցելի Թուրքիա: Իսկ ինչ է տեղի ունենում մեզ մոտ, ինչպես գիտենք ապրիլի 21-22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կլինի Երևանում՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ակնհայտ է, որ այցը հիանալի առիթ է, որպեսզի մեր գրանտամոլների աստղաբույլը, հերթական անգամ ցույց տա իր անճարակությունն ու ապաշնորհությունը և արդեն, իսկ հայտարարել են վաղվա իրենց «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» անցկացնելու մասին:
Նման լոզունգով կարելի է դիմել միայն Ադրբեջանին և Թուրքիային, իսկ Ռուսաստանի պարագայում, նման կոչերը անհանդուրժելի են և անընդունելի ու արժանի դատապարտման մեր հայրենակիցների կողմից: Հասկանալի է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում,էականորեն կրճատվել են նաև սույն անձանց տրվող հոնորարները և նրանք վախենալով իսպառ զրկվել, իրենց խղճուկ գոյությունն ապահովող միակ միջոցից, ստիպված գերմարդկային ճիգեր են գործադրում, փորձելով հակառուսական կոչերով և 20 հոգանոց երթերով, վերստին արժանանալ իրենց պատվիրատուների բարեհաճությանը:
Էդիկ Մնոյան