Թացը չորից տարբերելու խնդիր կա այս օրերին: Ակտիվ հայրենասիրական կեցվածքով շատ հայ մարդիկ այս օրերին հարցադրումներ են կատարում, առաջարկություններով հանդես գալիս, թե ինչպես բանակն ավելի մարտունակ դարձնել: Եթե անգամ այս մարդկանց հարցադրումներում կան պատերազմի չորս օրերի իրադրձությունների մասին անտեղյակությամբ պայմանավորված չափազանցված պատկերացումներ, միևնույն է, նրանք հայրենասեր, պարկեշտ մարդիկ են՝ մեր հայրենիքի համար մտահոգ: Ես հասկանում եմ անգամ այն մարդկանց, ովքեր հուզական վիճակում գտնվելով ինչ – ինչ ասեկոսեների ազդեցության տակ քննդատական խոսք են հնչեցնում բանակի հասցեյին: Հասկանում եմ, որովհետև նրանց այդ քննադատության մեջ նենգություն չեմ տեսնում, մտահոգություն ու ցավ եմ տեսնում:
Բայց այդ ամենի կողքին այս օրերին աչքովս ընկան նաև կեղծանուններով հրապարակված հոդվածներ, գրառումներ որտեղ Սեյրան Օհանյանի նկատմամբ ատելությունից բացի ուրիշ ոչինչ չկա: Չկա սուր հարցադրում ու քննադատություն, միայն՝ ատելություն ու վիրավորանք: Սուր հարցադրում անողները այս օրերին հանդես են եկել իրենց անունով, բացահայտ, ու ինչը շատ կարևոր է՝ առանց գռեհիկության: Այդ մարդկանց հարցադրումների ու քննադատության հետ կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել, բայց պետք է հարգել նրանց համարձակ ու սկզբունքային կեցվածքը: Դրա համար էլ՝ թացը չորից տարբերելու խնդիր ունենք, անկեղծ մտահոգությունը՝ վարձված ստորությունից:
Մանե Ավագյան