Մարդիկ ստրկամիտ են դառնում ոչ միայն իրական գերության մեջ ապրելով: Ժողովրդի համաբերության բաժակը լցվում է, բայց այն ծակ է։
Հայաստանում, մարդկանց մեծ մասը կամ հաշտվում է իրականության հետ, կամ հեռանում: Մեզանում անհամբերությունը դրսևորվում է հեռանալով՝ որպես ըմբոստություն, որպես բողոք:

 


Հայաստանում կան երկու տեսակ արտագաղթողներ. առաջինը նրանք են, ովքեր հեռանում են ֆիզիկապես՝ լքելով Հայաստանի սահմանները: Երկրորդը նրանք են, ովքեր ֆիզիկապես մնում են Հայաստանում, բայց հոգեբանորեն վաղուց արտագաղթել են. չեն պայքարում, չափազանց պասիվ են ու հուսալքված:
Հասարակության մաս կազմող մարդկանց մի մեծ զանգված իր շուրջը կատարվող հասարակական, քաղաքական, մշակութային և այլ երևույթների նկատմամբ առանձնապես մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում, չի խորանում, չի հասկանում դրանց էությունը, կարևորությունը երկրի ու ժողովրդի համար:

 


Այդ հոգեվիճակը հասարակությանը կարելի է ներարկել տարբեր եղանակներով' թերկրթելով, խեղճուկրակի, անճարակի հոգեբանություն դաստիարակող գրականություն, անիմաստ սերիալներ հրամցնելով, ավելի վատ վիճակի մեջ չհայտնվելու վախի մթնոլորտ ստեղծելով: Նման դաստիարակության ընթացքում էլ համալրվում է հասարակության ստրկամիտ, վախեցած խավը, որ հինգ հազար դրամով վաճառում է իրեն, բայց հաջորդ օրը էլի սկսում բողոքել ու այսպես շարունակ, ինչը ձեռնտու է ցանկացած իշխանության: Հակառակ պարագայում կարող են շատանալ մտածող, պայքարող ու հավատավոր մարդիկ, ովքեր չեն կարող հանդուրժել հասարակությանը կեղեքող, ստորացնող, ստրկացնող իշխանությանը:

 

Գրիշա Աղաջանյան