«Մշակույթ» բառը, սանսկրիտից բառացիորեն թարգմանած, նշանակում է լույսի երկրպագություն, որի նպատակն է տեսնել գեղեցիկն ու հասնել ինքնակատարելագործման:
Այս տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 15-ին, աշխարհի շատ երկրներում: Մշակույթի միջազգային օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այս դաշնագիրը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Վերջինս մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը: Ռերիխի դաշնագրի շրջանակում ստեղծվեց նաև պահպանվող մշակութային օբյեկտների պահպանիչ նշան՝ Խաղաղության դրոշ:
Դրոշի սպիտակ ֆոնի վրա պատկերված է անցյալում, ներկայում և ապագայում մարդկանց ձեռքբերումները խորհրդանշող երեք կարմիր շրջանակ՝ շրջանակված հավերժության օղակով: Այսօրվա տնտեսական և էկոլոգիական ճգնաժամի, պատերազմական բախումների, բնական աղետների պայմաններում մշակույթի մասին հոգ տանելն առավել քան կարևոր է: Միայն մշակույթի պահպանումն ու վերելքը կարող են միավորել մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, տարիքից, սեռից, ֆինանսական կարգավիճակից և հասարակական դիրքից: Ամեն տարի Մշակույթի միջազգային օրը տարբեր երկրներում կազմակերպվում են բազմաթիվ տոնական միջոցառումներ:
Սևակ Գրիգորյան