Պարույր Հայրիկյանը հանդես է եկել անհապաղ հրապարակային քննարկումներ սկսելու առաջարկով ներկայ ճգնաժամային իրավիճակի վերաբերեալ։
Ինչ խոսք անհրաժեշտ նախաձեռնություն է:
Ենթադրյալ հրավիրվածների ցանկում իմ անունն էլ գտա, որի համար զգացված եմ:
Շատ տարիներ առաջ էր: Ինձ հրավիրեցին կլոր սեղանի մասնակցել դեռ Երևան կոչվող հյուրանոցում: Բոլորը գերհայտնի էին՝ Պարույր Հայրիկյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան: Լրագրողների մեջ ինձ ճանաչող չկար ու զարմացել էին, թե ինձ ինչու են նստեցրել սեղանի մոտ:

 


Քննարկման մասնակիցները խոսում էին ժողովրդին կազմակերպելու ու իշխանություններին հեռացնելու ուղիների մասին: Երբ խոսքի հերթը հասավ ինձ, ասացի, որ իշխանությունները հետևանք են ու այդ հետևանքի դեմ պայքարելն անօգուտ է: Եվ եթե մենք ուզում ենք այլ իրականություն ունենանք, ապա պիտի նախևառաջ ջանանք հասկանալ տեղի ունեցող երևույթների իրական պատճառները:
Միևնույն է, հայտնի բանախոսներից ոմանք մնացին անդրդվելի և սկսեցին մտածել, թե ինչ պատրվակով ժողովրդին փողոց հանեն:

 


Անցան շատ տարիներ: Ժողովրդին փողոց հանելու բոլոր փորձերը ձախողվեցին, երկիրը բզկտվեց:
Հիմա եթե վերոհիշյալ նախաձեռնության նպատակը իրականությունը հասկանալն է և այն ծնող խորքային պատճառների վերհանումը, ապա սիրով կմասնակցեմ: Բայց նշածս խնդիրը լուծել կարողանալու համար մտահոգ լինելը դեռ բավարար չէ. պարտադիր է երևույթների խորքերը տեսնելու կարողություն ունենալը: Եվ այդ առումով գործը կշահի, եթե նախաձեռնությանը մասնակցեն նրանք, ովքեր սեղանին կդնեն իրավիճակի այսպիսին լինելու իրենց մեկնությունը և իրավիճակը փոխելու ռեալ քայլերի համակարգը:

 

Պեպանյան Արծրուն