Ռուս-թրքական քառօրյա սանձարձակության օրերին կարծիք հայտնեցի, թե ռուսները ոչ միայն անուղղակի մասնակցություն են ունեցել հարձակմանը՝ սպառազինելով թուրքերին, այլև անմիջական է եղել այդ մասնակցությունը. ռուս մասնագետներն են իրականացրել ռազմական տեխնիկայով բարդ հրետակոծումները։ Օրերս տեսնելով մեր «դաշնակցի» անքողարկելի ջղաձգումներն ու անթաքույց ատելության վառքը հայկական կողմի նկատմամբ՝ կարծիքս համոզմունքի փոխվեց։ Չէ՞ որ նրանց՝ տարիների ջանադիր տքնանքը ջուրը լցվեց։

 

Թվաբանական սառը հաշվարկով բոլոր առումներով տանուլ պիտի տայինք մերօրյա կռիվը. երկիրը դատարկված է կիսով չափ, որին մեծապես նպաստեցին իրենք «հայրենակիցների» ռուսական գրասենյակների բացահայտ գործունեությամբ, կաշառամոլության մեջ թաղված իշխանազուրկ իշխանությունն արհամարհված է թե՛ իրենց՝ ռուս «տերերի», թե՛ հայերիս կողմից, հայաստանաբնակների մեծ մասը կքած է կենցաղային անլուծելի հոգսերի ու պարտքերի բեռան տակ, ուստի պիտի որ «հալուհավես» չունենար հայրենասիրության ու հայրենապաշտպանության. այս և բազմաթիվ այլ խնդիրների հանրագումարով կայսերական ուղեղը վստահ էր, որ լուծելու է մեր հարցերն իր ուզած ձևով, իր շահերին համապատասխան։

 


Հավանաբար պարզեցին իրենց համար ևս, որ հաշվարկներն այդ հոգեզո՛ւրկ-տրամաբանական էին. հայոց մարմնի կեռացած վիճակն ակնթարթորեն ու առեղծվածորեն փոխակերպվեց՝ վերագտնելով ասես իրենից անջատված ոգին, և հիմա առավել են գազազած մեր հյուսիսափայլ «բարեկամները», որովհետև, ինչպես ասացի վերը, ոչ թե Ադրբեջանը, այլ աշխարհակալ քաղցր թմբիրի տրված Ռուսաստանն է իրական պարտվողը և ներել չի կարող իր պարտությունը ի՛ր շնորհիվ աշխարհից արհամարհված Հայաստանին։ Դրա՛ համար է գործում վերջին ցինիկի պես բացահայտ լկտիությա,բ՝ ցուցադրելով իր համակրանքն իրական արյունակիցների՝ թուրքերի նկատմամբ։

 


Մի՞թե պիտի այսքան զոհեր ունենայինք, որ հնարավոր լինել հասկանալը, թե ռուսական «բարեկամություն» ասվածը գույժ է մեզ համար. մի՞թե զոհերի գնով պիտի վճարեինք «անշրջելիության» պատրանքի վանումը մեզնից, ա՛յդ գնով պիտի հասնեինք իրերն իրենց անունով կոչելու ճշմարտացիությանը՝
պուծին՝ ՏԵՌՈՐԻ՛ՍՏ...
Հիշե՛ք, հայե՛ր, նախքան Ադրբեջանը՝ հզոր Ռուսաստա՛նն է պարտվել Հայաստանին։ Պարտվել է իր ստոր արարքո՛վ՝ ի՛ր ձեռքով բացելով մեր աչքերը։

 

 

Դավիթ Գյուլզադյան