ԼՂՀ Նախագահից, վարչապետից, ԱԺ պատգամավորներից հետաքրքիր պատմություններ լսեցինք ռազմաճակատի այն հատվածներից, ուր առայժմ չենք հասցրել լինել։ Շատ տպավորիչ էր Չաղլիկի (իմ որակումն է) պատմությունը։ Զինվորն այնքան չաղ է լինում, որ չի կարողանում մտնել տանկի մեջ։ Իրանը դուրս է մնում տանկից։ Եվ այդպես գնում են մարտի։ Մինչ հակառակորդը կհասկանար, որ եկողը սատանա չէ, սովորական զինվոր է, տասնյակ զոհեր է տալիս։ Հերոսացած Չաղլիկը ողջ առողջ վերադառնում է, ապացուցելով, որ, այնուամենայնիվ, նա սովորական զինվոր չէր։ Մեկ այլ տեղ խրամատում տեսնում ենք հոր և որդու։ Ժամանակին հայրն ամեն ինչ արել է, որ տղային բանակից ազատի։ Եվ ազատել էր։ Իսկ հիմա կամավոր կռվում էին։ Տեսանք նաև մի 60-ամյա մարդու, որն առաջին անգամ ճակատ էր եկել սրտի վիրահատությունից հետո։
Այս ամենը հուզիչ է, ոգևորում է։ Բայց մեզ նոր ավարայրեր պետք չեն. մեզ կոնկրետ հաղթանակ է պետք։ Մենք ընդամենը փոքրիկ ճակատամարտ ենք հաղթել, բայց ոչ պատերազմը։ Կարող ենք հաղթել 10 ճակատամարտում, բայց պարտվել 11-ում ու ....։
Ու պետք է խոստովանել, որ մեր բանակի հույսը միայն հերոսությունը չպետք է լինի։ Լուրջ խնդիրներ կան այն էլ ավելի լավը դարձնելու։ Մեր զինվորը պետք է ավելի լավ զինված լինի։ Մի քանի հարյուր մլն դոլարի հարց է։ Եվ այստեղ է, որ ՀՀ իշխանությունները մեծ թերացումներ ունեն։ Վերջին 8 տարիներին երկրի բյուջեն 2.7 մլրդ դոլարից դարձել է 2.5 մլրդ դոլար։ Պետք չէ, անվերջ զառանցել թշնամու նավթային ու խավիարային ռեսուրսների մասին, թնկթնկալ Ադրբեջանին ռուսների տված զենքերից։ Բավական էր, որ մեր բյուջեն այս ընթացքում չպակասեր։ Ի դեպ, պետությունը նորմալ կառավարելու դեպքում դժվար չէ այնպիսի արսենալի կուտակումը, որը թյուլ կտա գոնե մեկ անգամ ոչնչացնելու Ադբեջանը։ Հոգ չէ, թող Ադբեջանը կարողանա 10 անգամ մեզ ոչնչացնել։ Պետք չէ նաև առասպելներ պատմել ռուսական օգնության մասով։ Քննադատել պետք է, բայց առայժմ Ադրբեջանը ռուսական ռազմավարական զենքերից (Սմերչ, Սոլնցեպեկ) մեզ վրա էպոզոդիկ կրակ է բացել։
Առաջարկում ենք կազմակերպել "Հաղթանակ" փոխառություն՝ 5-6 ամիս շարունակ յուրաքանչյուրս կարող է պետական արժեթղթեր գնել աշխատավարձի 10%-ի դափով։ Իհարկե, իշխանությունների խնդիրն է նաև "խոսել" օլիգարխների հետ։ Լա՞վ էր որ մենաշնորհ եք, հարկ չէիք տալիս։ Ժամանակն է իրար գալու։ Ժամայնակն է վերացնելու մաքսազերծման այն համակարգը, որը պետական ռեկետ է։ Ժամանակն է վերջ տալու մոլիբդենի ու պղնձի վաճառքը օֆշորների միջոցով։ Ժամանակն է հաստաքսակներին արգելել եկեղեցիներ կառուցել՝ չմուծած հարկերը թաքցնելու նկատառումով։ Սերժ Սարգսյանը պետք է restart անի։ Եթե 1-2 ամսում այն չեղավ, հետևանքներն անկախատեսելի են լինելու: