Հայաստանը Ռուսաստանի համար այլևս արժեք չի ներկայացնում, այն Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ իրեն պետք էր, նաև այն, ինչ կարելի էր ստանալ ու ինչ որ արժեք էր ներկայացնում: Տվեցինք ամենաթանկ ու նվիրականը' ինքնիշխանությունը: Փոխարենը ոչինչ չենք ստացել, ակնկալում էինք միայն մեկ բան - անվտանգություն: Բայց ինչպես տեսանք, դա միայն երազանք էր, մանկական երազանք, որ Ռուսաստանն իր ազգային ու պետական շահերին հակառակ կապահովի Հայաստանի անվտանգությունը:

 

Իսկ ինչու իր շահերին հակառակ, որովհետև Ռուսաստանի շահը պահանջում է սիրաշահել Ադրբեջանին, քանի որ այն Ադրբեջանից դեռ ստանալու շատ բան ունի, բայց Ադրբեջանը մեր պես, մեղմ ասած' միամիտ չի, որ անվճար Ռուսաստանին տա իր ուզածը: Նա կպահանջի գին, շատ մեծ գին, իսկ այդ գինը Ռուսաստանը կվճարի, բայց ոչ իր հաշվին, քանի որ Ադրբեջանի ուզածը, ֆորմալ առումով, Ռուսաստանին չի պատկանում, պատկանում է Հայերին, ձեռք է բերված աղետալի ծանր գնով, հաղթանակով:
Ադրբեջանը չմիացավ ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, ֆորմալ առումով անդամակցում է ԱՊՀ-ին, ինչը, սակայն, որևէ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացներում:

 

Ադրբեջանն ունի նավթ, բնական գազի մեծ հաստատված պաշարներ, Թուրքիայի հետ ջերմ, սերտ ու բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանի խոշոր կապիտալի ներկայությունը Ադրբեջանի տնտեսության մեջ նվազագույն է, ազդեցության լծակները' գրեթէ զրոյական:
Ինչ է ստացվում? Ադրբեջանը Ռուսաստանի համար մի քանի անգամ ավելի կարևոր է ու ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանը:

 

Ու պետք չէ նեղանալ Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանը գործում է բացառապես իր շահերից ելնելով, ինչպես որ կաներ ցանկացած իրեն հարգող պետություն ու իշխանություն:
Մինչդեռ մենք, միամիտներս, խոպանում ապահով աշխատելու ու պաշտպանված լինելու խաբկանքի մեջ գոյատևելու, ու Հայաստանի ներսում պահպանելու համար գործեցինք մեր ազգային ու պետական շահի դեմ' հավատալով, որ ինչ որ պահի Կօրհնվի էն սհաթը . . .

 

Արթուր Ղազինյան