ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵՏՄ վարչապետերի հանդիպմանը: Այս առումով մեկնաբանություններն ու կարծիքները հակասական և իրարամերժ են, բոլորը փորձում են վերլուծել և «ճիշտ ու սխալ» փնտրել այս որոշման մեջ:
Հետաքրքիր է, որ մենք, թեև արդեն 25 տարի անկախ պետություն ենք, բայց ոչ մի կերպ չենք կարողանում հարմարվել այդ իրողությանը: Ամեն կերպ մեզ փորձում ենք դրսևորել պետականություն ու պետություն չունեցող ժողովուրդների նման: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ամեն կերպ փորձում էին պնդել, որ վերչապետը պետք է բոյկոտի այդ միջոցառումը և չմասնակցի դրան:
Երբ մենք փորձում ենք փոքր ինչ ետ նայել, պատմությունն ուսումնասիրել, տեսնում ենք, որ մեզ վերաբերող ամենավատ ու ամենաանցանկալի որոշումներն աշխարհը կայացրել է առանց մեզ, առանց մեր մասնակցության, և մենք չենք ունեցել հնարավարություն մեր խոսքն ասելու, աշխարհին տեղեկացնելու իրականության և կատարվող անարդարության մասին: Դա հետևանք է եղել նրան, որ չենք ունեցել պետականություն կամ էլ, եթե անգամ ունեցել ենք, այն չի եղել այնքան ամուր, որ մենք կարողանայինք ձայն բարձրացնել այնպես, որ այն լսելի լիներ մեր բախտը որոշող օտարների ականջին , այլ՝ մեր փոխարեն ուրիշներն են խոսել, իսկ այդ խոսքը եղել է նրանց շահերին ու նպատակահարմարություններին համապատասխան:
Եվ հիմա, երբ մենք ունենք ամուր պետականություն, որը ճանաչելի է աշխարհի կողմից, այս իրավիճակում, երբ կրկին աշխարհը մեր բախտն է որոշում, մենք կրկին փորձում ենք մեզ զրկել ձայնի իրավունքից:
Վերջին դեպքերից հետո մենք տեսանք, որ անհրաժեշտության և քաղաքական նպատակահարմարության պարագայում, մեր ղեկավարները՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի զորու են խոսել մեր երկրի շահի մասին, որ նրանք կարող են խոսել հստակ և աշխարհի համար լսելի ձայնով: Դրա վառ ապացույցն էր այն, որ թե´ նախագահը, թե´ վարչապետը Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջ հրապարակային, առանց որևէ կաշկանդվածության ու շատերի կողմից ակնկալվող վախի, հարցեր առաջ քաշեցին՝ Հայաստանի հանդեպ ոչ ճիշտ պահվածքի հետ կապված:
Այս առումով պետք է նշեմ, որ մենք պետք է ցանկացած առիթ օգտագործենք, մեր խոսքը, մեր կարծիքը՝ այն է թե ճշմարտությունն աշխարհին հասանելի ու ընկալելի դարձնենք:
«Խռովելը» քաղաքականության կամ դիվանագիտության կատեգորիա չէ և ամենաչարդարացված դրսևորումը կլիներ մեր պարագայում:
Կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք պետք է խոսենք, եթե անգամ մեր հանդեպ շատ անարդար են վարվել, մենք պետք է խոսենք և աշխարհին ցույց տանք իր մեծ վրիպումներն ու դրանց աղետալի հետևանքները:
Միանշանակ է, որ մենք այս պարագայում, պարզապես իրավունք չունենք չմասնակցելու ոչ մի միջազգային միջոցառման, իրավունք չունենք «խռովելու» աշխարհից և պարփակվելու ինքներս մեր մեջ: Մենք պետք է հասկանանք, որ յուաքանչյուր պետություն առաջնորդվում է նախ և առաջ իր պետական շահով և եթե որևէ պետության վերաբերմունքը մեր հանդեպ այնիպիսին չէ, ինչպիսին, որ մենք ենք ցանկանում, ուրեմն հնարավոր է, որ մենք լավ չենք աշխատել և դա մեր թերի կամ սխալ աշխատանքի հետևանքն է:
Դիվանագիտության կամ քաղաքականության մեջ պետք չէ առաջնորդվել «սև ու սպիտակի» սկզբունքով: Այստեղ գույները բազմազան են և ամեն ինչ կախված է այդ գույների մեջ մեր դրսևորվելու և խաղալու կարողությունից՝ դիվանագիտական ճկունությունից: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեր նման փոքր պետությունների ամենամեծ զենքը հենց այդ գույներն են ու դրանց մեջ արհեստավարժորեն շարժվելու կարողությունը, իսկ մենք ամեն կերպ փորձում ենք, մեզ համար բարենպաստ գունապնակը վերածել «սև ու սպիտակի», որտեղ մեր շանսերն ուղղակի զրոյական են դառնում:
Հ.Գ. Իմ խորին համոզմամբ՝ միանգամայն արդարացված է վարչապետի մասնակցությունն այդ միջոցառմանը:
Ես հայ եմ