Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում գրանցված վերջին սրացումների հետ կապված բավական ուշագրավ է իսրայելական պաշտոնական, քաղաքական և լրատվական դաշտերի մոտեցումների վերլուծությունը: Միանգամից պետք է նշել, որ խնդրի առնչությամբ Հրեական պետության պաշտոնական դիրքորոշումը չեզոքությունն էր, որը խախտել այդպես էլ չհաջողվեց ադրբեջանական կողմին՝ հանձին ԱՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովի: Վերջինն իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն ակնկալում է Իսրայելի՝ որպես պաշտոնական գործընկերոջ պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ և նրա ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:
Մինչդեռ առկա իրավիճակը, նաև Հասանովի հայտարարության իրողությունը բավական խելամիտ կերպով օգտագործվեց իսրայելական քարոզչամեքենայի կողմից: Վերջինը, եթե ի սկզբանե ռազմական գործողությունների լուսաբանման հարցում, ընդհանուր առմամբ, փորձում էր պահպանել հարաբերական հավասարակշռություն՝ միաժամանակ ներկայացնելով և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի պաշտոնական տեսակետներն, ապա հետագա գործընթացներից փորձեց առավելապես սեփական օգուտը քաղել:
Բանն այն է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո իսրայելական լրատվամիջոցների՝ թեմայի վերաբերյալ անդրադարձներում ակնհայտորեն գերակշռում են Բաքվին վաճառված իսրայելական սպառազինությունների արդյունավետության, կարևորության, ինչու ոչ, նաև անուղղակի գովազդի թեմատիկայով հրապարակումներն՝ ընդհուպ մինչև առանձին զինատեսակների կիրառմամբ հայկական կողմին հասցված վնասների վերաբերյալ տեսանյութերի տարածումը:
Վերոնշյալի համատեքստում, դարձյալ իսրայելական սպառազինությունների նշանակության ընդգծման նպատակով է օգտագործվել նաև Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի (նստավայրը Կահիրե) այցը Երուսաղեմ, հանդիպումն Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության պետ Դան Օրիյանի հետ, որի ընթացքում իբր իսրայելական կողմին պաշտոնական բողոք է ներկայացվել՝ Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի հետ կապված. ի դեպ, այս տեղեկատվությունն իսրայելական լրատվադաշտում շրջանառվել է ընդունված աշխատանքային գործելաոճի համաձայն՝ Հրեական պետության ԱԳՆ-ի անանուն աղբյուրներին հղման եղանակով (ի դեպ, պաշտոնական բողոքի և առհասարակ դեսպանի այցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ը պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, թեպետ միայն դեսպանի այցի մասով տեղեկատվությունը հաստատվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից):
Իսկ ամենաուշագրավն իսրայելական լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարության և ՀՀ դեսպանի այցի վերաբերյալ տեղեկատվության մեկտեղումն է ընդհանուր հրապարակումներում՝ «Իսրայելին փորձում են ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ» խորագրով, որոնցում բուն տեղեկատվական հատվածից բացի նույնպես ենթատեքստում իսրայելական զինատեսակների «գովազդն» է և ադրբեջանական կողմին, նաև մի շարք այլ
երկրներին դրանց նոր խմբաքանակների հնարավոր վաճառքի մասին տեղեկատվությունը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում իսրայելական քաղաքական դաշտի արձագանքներին, ապա այստեղ ևս կարելի է որոշակի հավասարակշռություն արձանագրել: Ինչպես և սպասվում էր, պաշտոնական Բաքվին ուղղված զորակցությամբ է հանդես եկել Հրեական պետության նախկին ԱԳ նախարար անթաքույց ադրբեջանամետ կեցվածքով հայտնի Ավիգդոր Լիբերմանը, ով նաև ընդդիմադիր աջակողմյան «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդն է: Իսկ իր հայամետ մոտեցումներով հայտնի ձախակողմյան «Մերեց» կուսակցության առաջնորդ Զահավա Գալոնը նամակ է հղել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբջանին նոր սպառազինությունների վաճառքը:
Մինչդեռ ընդհանուր հավասարակշռությունը որոշակիորեն խախտվում է Ադրբեջանի և Հայաստանի հրեական համայնքների պաշտոնական դիրքորոշումների հարթությունում: Եթե Ադրբեջանի դեպքում տեղի հրեական բոլոր համայնքների՝ լեռնցի հրեաների, եվրոպացի հրեաների և վրացի հրեաների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում իրենց անվերապահ զորակցությունը հայտնելով Ադրբեջանի իշխանություններին, ապա համարժեք մոտեցում, առնվազն տողերիս հեղինակի կողմից, չի նկատվել Հայաստանի հրեական համայնքի պարագայում:
Արմեն Պետրոսյան