Չինացի գեներալ և «Պատերազմի Արվեստը» գրքի հեղինակ Սուն Ցզին (մ.թ.ա. 544 — մ.թ.ա. 496) ասում է. «Եթե դու լավ գիտես և քեզ և թշնամուդ, ապա կարող ես հաղթել հարյուրավոր ճակատամարտերում' առանց որևէ պարտության: Եթե դու միայն քեզ գիտես ու չգիտես թշնամուդ, ապա կհաղթես կամ կպարտվես: Եթե դու ոչ քեզ գիտես, ոչ էլ թշնամուդ, ապա անընդհատ վտանգների մեջ ես լինելու»:
Ցավոք, ադրբեջանցիներին մենք լավ չգիտենք: Արդեն 26 տարի է մենք պատերազմում ենք Ադրբեջանի դեմ, բայց չունենք Ադրբեջանի ներկայի մասին բովանդակային, խորքային պատկերացումներ: Վեջինն, ով Ադրբեջանով զբաղվում էր փորձագիտական մակարդակով, գիտեր անցյալի ու ներկայի նրբություններն ու դրանց ազդեցությունն ապագայում սպասվելիք նրանց վարքի վրա, լուսահոգի Լևոն Մելիք-Շահնազարյանն էր:
Մեզ Ադրբեջանը բազմակողմանի ուսումնասիրող ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ խումբ է պետք(իստիտուտ, կենտրոն, ԾԻԳ, գրասենյակ, ինչպես ուզում եք անվանեք): Հետախուզությունը թողենք մի կողմ, դա լրիվ այլ գործառույթներով ու այլ տրամաբանությամբ գործող իստիտուտ է: Կա՞ պոտենցյալ, կարծում այո՛: Փող կա՞, կարծում եմ առանց հավելյալ միջոցների ներգրավման էլ դա հնարավոր է: Պետական ֆինանսավորմամբ որևէ ուսումնասիրության դերը չեմ ցանկանում նվազեցնել, բայց լավ ասացվածք կա՝ պատերազմում, ինչպես պատերազմում…
Դժվար չէ հաստիքների վերաբաժանման ճանապարհով 20-25 բարձր վճարվող մասնագետների համար հաստիքներ կուտակել մեկ գրասենյակում, որն օր ու գիշեր կուսումնասիրի Ադրբեջանը, կփորձի հասկանալ անցյալի ու ներկայի իրողությունները, օրինաչափությունները, վաղուց հայտնի տարատեսակ մեթոդներով իրադարձությունների զարգացման սցենարներ կմշակի, կանխատեսումներ կանի: Դա կօգնի մեզ ու հատկապես որոշում կայացնողներին ճանաչել Ադրբեջանը:
Մենք նաև մեզ պետք է ճանաչենք: Միասնականությունից բխող ոգևորությունը լավ բան է, էյֆորիան առժամանակ լավ բան է, բայց և վատ է, երբ «բացահայտում» ու հպարտանում ենք, որ արտաքին ագրեսիայի դեպքում միասնական ենք ու ազգովի մեկ բռունցք ենք: Քննարկման առարկա ենք դարձնում, թե ինպե՞ս առաջնագծի զինվորը հերոսաբար կռվեց ու չփախավ, թե ինչպե՞ս «ես պատերազմ չեմ գնա» ասողն առաջինը գնաց: Դա ցուցիչն է նրա, որ մենք էլ մեզ լավ չենք ճանաչում: Ու քանի դեռ այդպես է, Սուն Ցզիի ասած՝ «անընդհատ վտանգների մեջ ենք լինելու»: Մինչդեռ հաղթելու համար մեզ պետք է և մեզ, և թշնամուն լավ իմանալ, լավ ճանաչել, երբեք գլխապտույտի մեջ չնկնել, ոչ մեզ, ոչ էլ թշնամուն չթերագնահատել ու չգերագնահատել, ԴՈՒԽՈՎ!!!
Միհրան Հակոբյան