Հայաստանի համար այս պատասխանատու օրերին կրկին անգամ ապացուցվեց բոլորովին ապացույցի կարիք չունեցող մի հանգամանք: Մենք՝ հայերս, ունենք եղբայրներ ի դեմս եզդի և ասորի ժողովուրդների՝ եղբայրներ, որոնք մեր ընդհանուր Հայրենիքը սիրում և պաշտում են նույնքան, որքան մենք՝ հայերս:

 


Այս օրերին նրանք տվեցին Քյարամ Սլոյանի նման հերոսներ, հոյակապ երիտասարդներ, որոնք անդամագրվեցին կամավորական շարժմանը, օրն ի բուն տքնեցին քարոզչական դաշտում, իրենց աջակցությունը ցուցաբերեցին ոչ միայն Հայաստանի ներսից, այլև Վրաստանից, Ռուսաստանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, հաճախ այդ մասին չխոսելով, լուռ և անխոնջ աշխատեցին մեր ընդհանուր Հայրենիքի հաղթանակի համար:

 


Հաշվի առնելով նաև այս օրերի փորձառությունը՝ ակնհայտ է, որ Հայաստանն այսուհետ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի մեր եղբայրներին՝ ընդ որում, ոչ միայն նրանց, որոնց հետ մենք այս հողում կիսում ենք ամեն ինչ, այլ նաև աշխարհով մեկ սփռված եզդի և ասորի բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանը դիտարկում են որպես հարազատ երկիր, շատ դեպքերում նույնիսկ ուղենիշ, իսկ Հայաստանի պետականությունը համարում նաև իրենց գոյության առհավատչյան:

 

Վարդան Ոսկանյան