ՌԴ-ն ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ տարածաշրջան կատարած այցն ու ամփոփիչ հարցազրույցը տարբեր ռակուրսներով վերլուծության ենթարկվեց:
Այն առավելապես դիտարկվեց հատկապես Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների համատեքստում՝ դրանից բխող արձագանքներով, սակայն ոչ պակաս կարևոր էր նրա հայտարարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ:

 


Դ. Մեդվեդևը մասնավորապես հայտարարել է, որ շատերն են ցանկանում, որ գործընթացում իրավիճակ փոխվի ու կոնֆլիկտը հաջորդ սերունդներին չփոխանցվի, սակայն անընդունելի է ամեն գնով դրա կարգավորումը՝ ինչ-որ մեկի հաշվին:
ՌԴ վարչապետը նաև նշել է, որ եթե ընտրելու լինի՝ հիմնախնդրի արագ լուծումը՝ արյուն թափելու գնով, թե խնդրի սառեցումը, ապա նա միանշանակ կընտրի հիմնախնդրի սառեցումը:

 


Հաշվի առնելով այս կարևոր ժամանակաշրջանում Մեդվեդևի ռեգիոնալ այցն ու առաքելությունը, դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանը որպես տարածաշրջանի ամենաակտիվ խաղացող, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, գոնե այս փուլում հակված է ստատուս քվոյի պահպանմանը, ինչի մասին այդքան սարսափով խոսում են Ադրբեջանում՝ բացահայտ հայտարարելով, որ դա չի բխում Ադրբեջանի շահերից:

 

Տիգրան Աբրահամյան