Հայրենական արտադրության մրցունակությունը բարձրացնելու համար կիրառվում են բազմաթիվ մեխանիզմներ: Բացի հարկային արտոնություններից անհրաժեշտ է նաև ձևավորել անհրաժեշտ հումքի հնարավորինս մատչելի շուկա: Դրանից են կախված ոչ միայն տեղական, այլ նաև արտասահմանյան ներդրումները:
Օրինակ բազմաթիվ գործարարների կարող է վանել էներգակիրների բարձր սակագինը: Այդ նպատակով պետությունը ձգտում է հնարավորինս լավ պայմաններ ապահովել այս ոլորտում՝ դրանով իսկ դրական ազդելով բնակչության սոցիալական վիճակի վրա:

 


Հենց այս խնդրի կարգավորման համար, ինչպես գիտենք, ՀՀ-ն դիմել էր Ռուսաստանի իշխանություններին, գազի գնի սակագնի նվազեցման հարցով: Ինչպես և սպասվում էր, հարցը ունեցավ դրական լուծում: Հայաստանին մատակարարվող ռուսական գազի նոր գինը կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլար։ Փաստացի այն նվազել է 15 դոլարով, կամ այլ կերպ ասած ՝ 9 տոկոսով: Վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գազի գինը նվազել է 39 դոլարով։

 


Արդյունքում կարող է նվազել ջերմային կայաններում արտադրող հոսանքի ինքնարժեքը՝ նպաստելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների վրա այդ գործոնի ազդեցության թուլացմանը։
Սպասվում է, որ կվերանայվեն նաև ներքին սակագները։ Ստեղծված իրավիճակը դրական ազդեցություն կունենա տնտեսության և հասարակության համար: Նոր սակագները դրական կազդեն հայրենական արտադրության մրցունակության վրա, և դրական միտում կհաղորդեն արտահանման ոլորտին:

 

 

Նարեկ Սարգսյան