«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել Ամստերդամում կայանալիք իր համերգը: Իվետա Մուկուչյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Եվրոպայի իմ սիրելի ընկերներ: Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել չեղյալ համարել նաեւ առաջիկա ելույթս Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել բողոքս եւ ցասումս այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»,-նշել է նա:
«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:
Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին: