Կատարվում են Արցախում անհայտ կորածներին որոնելու աշխատանքներ: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ կատարվում են ճշգրտման աշխատանքներ: «Ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, ՊԲ ստորաբաժանումների հիմնական մասը մարտական իրավիճակում է, և այդ պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ: Շատ հնարավոր է, որ այսօր ևս գտնվեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների առկայությանն առնչվող հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Քանի որ Ադրբեջանի հետ, ցավոք, որևէ քաղաքակիրթ շփում չկա, գերիների մասին խոսելը դժվար է»: Նրա կարծիքով' եթե լինեին գերիներ, որոնց ադրբեջանցիները կարողանային օգտագործել, նրանք կանեին դա, սակայն ոչինչ հերքել և հաստատել այս պարագայում, հնարավոր չէ: