Երկու տասնամյակից ավելի է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ոսկե սարեր է խոստանում՝ է՛լ լիակատար ինքնավարություն, է՛լ հարստություն, է՛լ ասում է՝ մենք իրար հետ միշտ խաղաղ ապրել ենք, ու շատ ուրիշ բաներ։ Սա ադրբեջանական քարոզչական թեզերից մեկն է։
Բայց մյուս կողմից Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ամեն օր սպառնում է հարձակվել, գրավել, ոչնչացնել։ Մի քանի ժամով հաջողության է հասնում, սկսում է ծերունիներին տանջամահ անել, մարդկանց գլխատել, ռմբակոծել քաղաքներն ու գյուղերը, երեխա սպանել ու վիրավորել։ Դրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրականում իրեն պետք է միայն Արցախի տարածքը, իսկ թե ինչ կլինի 150 հազար մարդու հետ, կարծում եմ, հասկանալի է։ Ու զարմանում եմ, թե այսքանից հետո իրենք ոնց են պատկերացնում Ղարաբաղի գոյությունը իրենց երկրի կազմում։
Հետևաբար, ադրբեջանական «ընկերությունն ու քիրվայությունը» ընդամենը քարոզչական խաբկանք է՝ նրանց իրական նպատակը հայերի բնաջնջումն է կամ տեղահանությունը։
Անցյալին ու պատմական փաստերին չեմ անդրադառնում, բոլորդ էլ գիտեք մեր արևելյան «հարևանների» հերոսությունները։
Միքայել Յալանուզյան