Ամփոփելով վերջին օրերին ԼՂՀ հակամարտության շփման գոտու լարվածության վերաբերյալ թուրքական արձագանքները՝ կարող ենք փաստել.
1. Հակամարտության կտրուկ սրմանը արձագանքեցին Թուրքիայում որոշակի կշիռ ունեցող գրեթե բոլոր կուսակցությունները, բոլորի արձագանքը նույնն էր՝ ընդգծված ադրբեջանամետ և կտրուկ հակահայ (բացառություն է կազմում թերևս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը)։
2. Եթե Էրդողանի կտրուկ հակահայ և ադրբեջանամետ հայտարարությունները սպասելի էին բոլորի համար, ապա նորովի բացահայտվեց Ահմեդ Դավութօղլուի կերպարը։ Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, որոնք, իմ համոզմամբ, շատ ավելի կտրուկ էին քան Էրդողանինը, ի չիք դարձրին հատկապես արևմտյան որոշ շրջանակների համոզմունքներն առ այն, որ եթե անիմաստ է շփման որևէ հույսեր ունենալ իրենց իսկ ձևակերպմամբ «Խենթ սուլթանի»՝ Էրդողանի հետ, ապա Դավութօղլուի պարագայում նրանք գործ ունեն շատ ավելի հավասարակշիռ գործչի հետ, որը պահպանում է անաչառությունն ու կարողանում է լինել անկողմնակալ։
3. Համոզված եմ՝ Թուրքիայի իշխանությունների և հասարակության ճնշող մեծամասնության շրջանում այսօր առկա ընդգծված հակահայ դիրքորոշման բուն պատճառները թաքնված են հայ-թուրքական հարաբերությունների պատմության անցքերում, ոչ թե հայ-ադրբեջանական հակասություններն են, հակամարտություններն ու պատերազմները, նույնիսկ եթե դրանք ամենաթեժ փուլում են։
Հ.Գ. Հակամարտության սրման ամենածանր օրերից մեկին՝ ապրիլի 4-ին, Թուրքիայում նշվեց «Բաշբուղի»՝ Ալփարսլան Թյուրքեշի մահվան տարելիցը։ Հասկանալի պատճառներով Թյուրքեշի մահվան ոչ հոբելյանական տարելիցը նշվեց նախկինից շատ ավելի շքեղ, շատ ավելի լայն անդրադարձներով և հիշատակումներով։
Հայկ Դարբինյան