Այս օրերի ռազմական իրադրության սրման պայմաններում սկսեցին հնչել քաղաքական ու դիվանագիտական ուղղությունների վրա կտրուկ քայլեր կատարելու վերաբերյալ կոչեր: Իրենց պարզունակության մեջ շատ գայթակղիչ թվացող առաջարկների հանպատրաստից ու հապճեպ իրականացումը կհանգեցնի մեզ համար անցանկալի և լուրջ վտանգներով հղի հետևանքների: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կամ էլ երկու հայկական պետությունների անհապաղ միավորումը, ընդամենն, էլ ավելի խոցելի կդարձնի մեր դիրքերը ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը հարկավոր է կենդանի պահել, սակայն դրան զուգահեռ աշխատել նաև այլ ուղղություններով:

 

Բայց կա մի խնդիր, որի վերաբերյալ այսօր և հետայսու պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, չանսալով տարբեր կողմերից հնչող հորդորներին, հստակորեն պետք է հայտարարեն, որ Արցախի ներկայիս տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է և կարողանան տալ այդ մոտեցման իրավաքաղաքական տեսանկյունից համոզիչ հիմնավորումը: Անհրաժեշտ է, որ մեր պաշտոնյաները հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում այլևս մոռանան ԼՂՀ այսօրվա տարածքի 2/3 մասի համար օգտագործվող “անվտանգության գոտի” եզրույթը: Մտահոգված բարեկամի իրավունքով նաև ասեմ, որ Ռուսաստանը ևս վատ չի անի, եթե անհրաժեշտ դասերը քաղի Վրաստանում և Ուկրաինայում ունեցած ռազմաքաղաքական տապալումներից՝ հյուսիսկովկասյան ցեղերից բոլշևիկների կողմից փոխ առնված “ամանաթներ” (այսինքն՝ պատանդներ) վերցնելու հիման վրա հնազանդեցնելու և կառավարելու սկզբունքն իրեն չարդարացրեց և ավելին՝ լուրջ կորուստներ պատճառեց:

 

“Ամանաթ” դարձված Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի գործոնները նոր ձևավորվող աշխարհաքաղաքական միջավայրում անընդունակ գտնվեցին ապահովագրել ռուսաստանյան քաղաքական շահերը Վրաստանում և Ուկրաինայում: Մոսկվայի համար հետևանքները շատ ավելի ծանր կլինեն, եթե ռուսաստանյան քաղաքական դասն ու իշխանամերձ փորձագիտական շրջանակները շարունակեն Արցախը կրկին “ամանաթի” վերածելուն ուղղված իրենց ջանքերը՝ իրենց ևս քաղաքական արդյունավետ նոր մոտեցումներ են հարկավոր:

 

Արման Մելիքյան