Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ծավալված մարտական գործողություններին, որոնք սանձազերծել է Ադրբեջանը:

 

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված, իմ դիրքորոշումը հետևյալն է՝ հակամարտությունն այժմ ձեռնտու չէ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար: Այն ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, շատ նման է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Վլադիմիր Պուտինի սադրանքին, և նույնկերպ վնասում է Հայաստանին: Իսկ Մոսկվան իրադարձությունների նման զարգացմանը երկար ժամանակ է պատրաստվում: Ռուսաստանը վաղուց և ինտենսիվորեն զինում է երկու կողմերին, իսկ վերջին տարիներին կառուցել է Դաղստանից Վրաստան տանող զուտ ռազմական նշանակության ճանապարհ, որը միևնույն ժամանակ Ադրբեջան արագ ներխուժելու ուղի է հանդիսանում:

 

Հրահրելով հակամարտությունը՝ Ռուսաստանն անմիջապես մի քանի ռազմավարական նպատակներ է հետապնդում. պատրվակ ստանում՝ ներխուժման և տարածքի մերժման համար, որով անցնում են Ադրբեջանի նավթի և գազի ուղիները (բավական է հիշել, որ հենց դրանց վրա են 2008 թ.-ին ռուսները հրթիռային հարվածներ հասցրել, ինչպես նաև նույն ժամանակահատվածում սաբոտաժի ակտերը Թուրքիայի տարածքում), այդ կերպ Եվրոպան կարող է կորցնել Ադրբեջանից և Թուրքմենստանից էներգիայի այլընտրանքային աղբյուրը: Իլհամ Ալիևի կառավարությունը, որը միշտ անկախ ընթացք է հետպնդել, կարող է շատ ծանր վիճակում հայտնվել:

 

Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների ակնկալիքով, որոնցում այսօրվա դրությամբ ռուսամետ Իվանիշվիլին անխուսափելիորեն պարտվում է, Վրաստանը հարձակման տակ կհայտնվի, իսկ Թուրքիան, որին Պուտինը խոստացել է պատժել, ստիպված ներքաշվում է երկու ճակատով պատերազմի մեջ:

 

Այս իրավիճակում, բոլոր առաջնորդները պետք է ցուցաբերեն ծայրաստիճա զգուշություն, և որքան հնարավոր է զսպվածություն, որը, ինչպես ես գիտեմ, շատ դժվար է նման իրավիճակում: Ինչպես միշտ, մենք գործ ունենք սցենարի հետ, երբ Պուտինը պատրաստվում է երկար ժամանակ, իսկ Արևմուտքը հանկարծակիի է եկած: Եվ այնուամենայնիվ, մենք պետք է սպասենք պահին՝ ոչ շատ հեռավոր ապագայում, երբ Պուտինը անխուսափելիորեն կթուլանա և օգտագործենք տարածաշրջանային բոլոր հակամարտությունների շուրջ համաձայնության գալու հնարավորությունը՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի»: