Հրատապ թեմա է. ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդևի այցի ընթացքում գազի գինը կիջնի։ Հայտնի չէ, թե խոսքը ո՞ր գնի մասին է. մեծածա՞խ, թ՞ե մանրածախ։ Իմիջիայլոց Հայաստանի պարագայում մեզ (ժողովրդի) համար էականը մանրածախ գինն է. 156000 դրամ կամ 330 դոլար հազ.մ3-ի համար։ Մեզ ի՞նչ մեծածախը (165 դոլար) կփոխվի, թե՝ ոչ։ Կան նաև զրույցներ, որ ՌԴ-ն դեպի Հայաստան նավթամթերքների արտահանման պարագայում հանելու է մաքսատուրքերը։ Հայաստանի իշխանություններն այդ իջեցումներից դիվիդենդներ են քաղելու։ Ու՞նեն արդյոք նրանք այդ իրավունքը։

 


Խնդիրը հետևյալն է. 2014թ հոկտեմբերից հետո դառնալով ԵՏՄ լիարժեք անդամ ՀՀ-ն պետք է օգտվի այդ կազմակերպության հիմնադիր պայմանագրով (2014-ի մայիս) նախատեսված արտոնություններից. ԵՏՄ-ն միասնական տնտեսական տարածք է, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկա։ Բայց արի ու տես, որ 1000մ3 բնական գազը բնակչության համար ՌԴ-ում արժի 80-105 (5-10%-ի չափով գինը տատանվում է ըստ առանձին ռեգիոնների), Բելառուսում 180 (ձմռանը 2.5 անգամ էժան), Ղազախստանում 80, Ղրղզստանում 219, իսկ Հայաստանում 330 դոլար։ ԵՏՄ անդամ չհանդիսացող Վրաստանում բնակչության վաճառվող բնական գազի գինն է՝ 199 դոլար։ Ասենք նաև, որ բոլոր երկրներում ԱԱՀ-ը հաշվի է առնված։
Հիմա բենզինի գներից։

 


ՌԴ-ում 1լ Аи-95 բենզինն արժի 0.45, Ղազախստանում 0.4, Բելառուսում 0.4, Ղրղզստանում 0.59 դոլար։ ՀՀ-ում այն արժե 0.81 դոլար։ Ի դեպ, Վրաստանում այն արժե 0.58 դոլար։
Որևէ մեկը այս վիճակի համար պատասխան պետք է տա, թե՝ ոչ։ Ի՞նչ միասնական տարածքի մասին է խոսքը։ Ի՞նչ են անում ՀՀ նախագահը, վարչապետը, ԵՏՄ հանձնաժողովի հայ նախագահը։ Ո՞րն է բացատրությունը։ Միայն մեծածախ գինը չէ հարցը։ Բա ի՞նչքան էլ Հայաստանի ներսում են ավելացնում։ Ուրախացել ենք. 10 դրամով գին է իջնելու։ Իսկ գուցե 2 անգամ պիտի իջնի։

 

Հրանտ Բագրատյան