Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին: Այդ առնչությամբ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ բազմաթիվ քննարկումներից հետո Հարկային օրենսգրքի նախագիծը լրամշակվել է, այն բավականին լայնածավալ է, ապա հակիրճ ներկայացրել է նրա մի քանի սկզբունքները:
Այդ սկզբունքներից մեկը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջինժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը եւ որի ներքո հիմնական առանցքային ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը: Այդ առումով նախատեսվում է 2017-2021 թթ. ընթացքում սահուն, ըստ տարիների որոշակիորեն վերանայել ծխախոտի արտադրանքի, օղու, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
Ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվելու են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին:
Այնուամենայնիվ, ըստ վախթանգ Միրումյանի, անգամ 2021 թ. մենք չենք հավասարվում նշված դրույքաչափերին և ունենում ենք ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափեր:
Սեդա Ադամյան