Բրյուսելում ահաբեկիչները շատ ավելի օպերատիվ գործեցին, քան բելգիական հատուկ ծառայությունները
Արդենիսկ անհերքելի իրողություն է, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին կանխվել բելգիական հատուկ ծառայությունների առավել աչալուրջ և արհեստավարժ գործունեության պարագայում. պարզվում է՝ բռնարարքներից ընդամենն օրեր առաջ առնվազն 3 երկրների անվտանգության ծառայություններ նախազգուշացրել են իրենց բելգիացի գործընկերներին՝ հնարավոր ահաբեկչության վայրի և գլխավոր դերակատարների մասին:
Հայտնի է, որ ահաբեկչություններից 6 օր առաջ՝ մարտի 17-ին, Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նախարարությունը բրյուսելցի իր գործընկերներին է փոխանցել նախօրեին Նյու Յորքի ոստիկանությունից ստացված զեկույցն՝ ալ-Բաքրաուի եղբայրների ահաբեկչական կապերի վերաբերյալ, որոնցից Իբրահիմն ամերիկյան հետախուզության ահաբեկչական ցուցակում էր հայտնվել դեռևս 2015 թ. սեպտեմբերի 25-ին:

 


Ավելի վաղ Բելգիայի անվտանգության մարմիններին նման բնույթի տեղեկատվություն է հաղորդվել նաև թուրքական հատուկ ծառյությունների կողմից: Մասնավորապես, 2015թ. հունիսին թուրքական իշխանություններն, Սիրիայում իսլամական ծայրահեղ արմատականներին միանալու մեղադրանքով, ձերբակալել և դեպի նախնական ելման կետ հանդիսացող Ամստերդամ քաղաք են արտաքսել Խալիդ ալ-Բաքրաուիին. այս տեղեկատվությունը տրամադրվել է նաև բելգիական իշխանություններին, քանի որ նշված անձը հանդիսանում էր հենց այդ երկրի քաղաքացի:
Եվ վերջապես, բելգիական իշխանություններին ռազմավարական նշանակության օբյեկտում՝ օդանավակայանում, հնարավոր ահաբեկչական հարձակման և առհասարակ օդանավակայանում անվտանգության ապահովման առումով առկա թերությունների մասին ահաբեկչություններից ընդամենը մի քանի օր առաջ նախազգուշացրել էին իսրայելական հատուկ ծառայությունները. ավելին՝ կողմերի միջև ձեռք էին բերվել պայմանավորվածություններ՝ վերոնշյալ խնդիրների լուծման գործում անհապաղ համագործակցության վերաբերյալ:

 


Մինչդեռ, ինչպես ականատես եղանք, Բրյուսելում ահաբեկիչները շատ ավելի օպերատիվ գտնվեցին, քան բելգիական հատուկ ծառայությունները: Եվ ծայրահեղականների գործողություններում նկատված հապճեպությունը, որը նաև բարեբախտաբար դրսևորվեց բռնարարքների իրականացման ընթացքում ու հետևանքներում արձանագրված մի շարք թերացումների տեսքով, հենց ոստիկանությունից առաջանցիկ գործելու վառ ապացույց էր:

 

Արմեն Պետրոսյան