Այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խստագույնս քննադատել էր Իրանի ամենահայտնի բարեփոխական քաղաքական գործիչներից Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին «Վաղվա աշխարհը խոսույթների, այլ ոչ թե հրթիռների աշխարհ է» թվիթերյան գրառման համար՝ նման մոտեցումը գիտակցված լինելու դեպքում դավաճանական որակելով, մոտ մեկ ժամ առաջ Ռաֆսանջանիի ոչ պաշտոնական թվիթերյան էջում հայտնվել է ճշտում:
Համաձայն դրա՝ գրառումը եղել է հատվածական, որի արդյունքում աղճատվել է իմաստը, միչդեռ այն ամբողջապես ունեցել է հետևյալ բովանդակությունը՝ «Վաղվա աշխարհը Իսլամական հեղափոխության նման խոսույթների աշխարհ է, ոչ թե՝ միջմայրցամաքային հրթիռների և միջուկային ռումբերի»:
Ակնհայտ է, որ Իսլամական Հանրապետության առաջնորդի կողմից «դավաճանական» որակումը չափազանց վտանգավոր է նույնիսկ այնպիսի ազդեցիկ և փորձառու քաղաքական գործչի համար, ինչպիսին Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է, ինչի հետևանքով վերջինիս քաղաքական թիմը արագ կատարել է թվիթերյան գրառման ճշգրտում՝ փորձելով շտկել ստեղծված իրավիճակը:
Ի դեպ, թվիթերյան պաշտոնական էջ իրանցի պաշտոնյաներից ունի միայն արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, այնպես որ վերոնշյալ ճշտումը փաստորեն կողմնակի ապացույց է, որ հիշյալ ոչ պաշտոնական էջն իրոք պատկանում է հենց Ռաֆսանջանիին:
Վարդան Ոսկանյան