Բոլոր այն ընթերցողներին, ովքեր մտահոգված նամակներ էին ուղարկում խմբագրություն՝ հետաքրքրվելով, ի՞նչով է զբաղվելու էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը, շտապում ենք տեղեկացնել, որ հրաշալի լուր ենք ստացել։ Արդեն ապրիլին իր դռները կբացի Երվանդ Զախարյանի կողմից հիմնած Առաջնորդների և խարիզմայի դպրոցը։ Շուրջ 8 ամիս տևող ուսումնական ծրագրի ընթացքում պարոն Զախարյանը աշակերտներին կփոխանցի բոլոր այն հմտությունները, որ անհրաժեշտ են իսկական առաջնորդին, ինչպես նաև կբացահայտի իր անկրկնելի խարիզմայի գաղտնիքները։

 


«Հավատացեք, այն խարիզման, որով ես օժտված եմ 90%-ով բաղկացած է քրտնաջան աշխատանքից, և միայն 10%-ն է Աստծո կողմից շնորհված հմայքից»,- բացեց փակագծերը Երվանդ Զախարյանը. «Ես էլ 1 օրում չեմ սովորել ղեկավարել, ոգեշնչել, իմ հետևից տանել միլիոնավոր զանգվածներ, սակայն այդ ամենը պատրաստվում եմ փոխանցել հետագա սերնդին այս դասընթացների միջոցով»։

 


Պրակտիկ դասընթացների ժամանակ ապագա Երվանդ Զախարյաններին կսովորեցնեն ժպտալ, գեղեցիկ խոսել, բանակցել, կատակել, շահավետ պայմանագրեր կապել և պարզապես լինել ամենահմայիչ մարդը ցանկացած միջավայրում՝ այն ամենը ինչով հայտնի է դպրոցի հիմնադիրը։ «Չեմ ցանկանում սխալ կարծիք կազմվի թե այս դպրոցը միմիայն երիտասարդ էներգետիկների համար է՝ ամենևին։ Մեր կուրսերը պետք կգան թե՛ ամաչկոտ տղային, ով վախենում է աղջիկների հետ ծանոթանալ, թե՛ արդեն կայացած բիզնեսմենին, ով երազում է նոր բարձրունքների ու հաղթանակների մասին։ Սա հաղթողների դարբնոց է, գրողը տանի», – ամփոփեց Զախարյանը։